ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով ՀԱՊԿ-ում ՀՀ-ի խնդիրների մասին, մասնավորապես՝ Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքի մասին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց, որ մեզ համար չափազանց կարեւոր էր, որ այդ պաշտոնը, որն ունեինք ՀԱՊԿ-ում, ունենայինք: Ըստ նրա, մեծագույն ջանքերի արդյունքում է եղել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինի ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը. «Դա եղել է նաեւ ձեռք բերված հեղինակության արդյունքում, որը ՀՀ-ն ձեռք էր բերել տարիների կոնստրուկտիվ աշխատանքի արդյունքում այդ կառույցում: Մեր կողմից չընկալվող քայլերի արդյունքում մենք կորցրեցինք պարոն Խաչատուրովին՝ որպես այդ պաշտոնը զբաղեցնող անձ: Շատ կարեւոր էր, որ եթե կային կասկածներ, այնպես անեին, որ այդ գործընթացը լիներ ոչ այդքան նեգատիվ ընկալվող՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերության շրջանակներում: Այդ ռեակցիան լրիվ կանխատեսելի էր: Հիմա վարչապետը եւ մեր պետության ներկայացուցիչներն ասում են, որ պետք է սկզբունքային լինենք, որ այդ պաշտոնը ուրիշ որեւէ երկիր չվերցնի, ես ողջունում եմ այդ տեսակետը: Շատ լավ կլինի, որ մենք կարողանանք հասնել այդ նպատակին, շատ ժամանակ չի մնացել, որ հասկանանք՝ մենք կարողացա՞նք վերականգնել այն, ինչ մեր ապաշնորհ կեցվածքի շնորհիվ կորցրեցինք՝ կերեւա դեկտեմբերի 6-ին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, թե՞ ոչ: Եթե չկարողանանք, դա կստացվի, որ մեծ կորուստ ունեցանք՝ մեր ոչ հաշվենկատ քայլերի պատճառով: Երբ որ դու կառույցի անդամ ես, այդ կառույցի հեղինակությունը նաեւ քո հեղինակությունն է, դու չպետք է քայլեր անես, որ կառույցի հեղինակությունը սասանվի. Դու նման քայլերով դառնում ես նվազ վստահելի մյուս գործընկերների համար»,- ասաց Մինասյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ