Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանությունն իսկապես ունի ասելու, թե ինչպես պետք է կոռուպցիայի դեմ պայքարել». ՀՀԿ պատգամավոր

Նոյեմբեր 20,2018 14:28

«Խորհրդարանում մենք պետք է ունենանք մի ուժ, որը հստակ դիրքորոշում ունի խնդիրների վերաբերյալ, որոնք էապես տարբերվում են իշխանությունների դիրքորոշումներից, չի վախենում այդ դիրքորոշումն արտահայտելուց ու դա ապացուցել է վերջին 5-6 ամիսներին: Պետք է իշխանությանը համարժեք ընդդիմություն»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա ասաց, որ երբ քաղաքական ուժերը կարճ ժամանակում՝ ամիսը մեկ փոխում են իրենց կարգավիճակն ու իրենց վերաբերմունքը իշխանության նկատմամբ, մոռանում են իրենց տեսակետները, այսօր ընդդիմություն են, վաղը՝ իշխանության մեջ, դրանք ընդդիմություն չեն, պատեհապաշտներ են:

Aravot.am-ը հարցրեց՝ դրա հետ կապված հակառակ բեւեռից հակափաստարկ է հնչում, որ դուք ընդդիմություն չեք կարող լինել, որովհետեւ նախ ընդդիմությունը պետք է անբիծ լինի, երբ որ դուք խոսեք կոռուպցիայի մասին, անմիջապես ձեզ հակադարձելու են, որովհետև ձեր իշխանության ժամանակ կոռուպցիա է եղել: Գագիկ Մինասյանն արձագանքեց. «Այսինքն, եթե նախկին իշխանությանն ասում են՝ դուք կոռուպցիայի մեջ եք եղել, հետեւաբար չե՞ն կարող քննադատել այսօրվա կոռուպցիան: Ճիշտ հակառակն է: Իշխանությունը, եթե խոսում է նախկին իշխանության կոռուպցիոն վիճակում գտնվելու մասին, նշանակում է ինքը ոչինչ չունի ասելու իր՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մեր իշխանությունն իսկապես ունի ասելու, թե ինչպես պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, որովհետեւ այդուհանդերձ մենք ունեցել ենք հաջողություններ այդ բնագավառում եւս: Վերջին 8 ամիսների ընթացքում մի կոռուպցիոն գործ դատական մակարդակի հասա՞վ, դատարանը վերջնական վճիռ ունի՞: Գոնե մեկ կոռուպցիոն դեպք: Չունի՛: Իսկ դա ի՞նչ է նշանակում, որ այդ ամպագոռգոռ հայտարարությունները հայտարարություն էին ընդամենը»:

Մենք փոխանցեցինք, որ երկրորդ հակափաստարկը, որ դուք չեք կարող լինել ընդդիմություն, ինչպես ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ընդդիմությունը պիտի ժողովրդի դարդ ու ցավն իմանա, իսկ դուք ժողովրդից այնքան կտրված եք, որ չեք կարող այդ դարդ ու ցավն իմանալ, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այնքան, ինչքան մենք ժողովրդին ճանաչում ենք, որեւէ ուժ չի ճանաչում, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը: Այսօրվա իշխանությունը, եթե ժողովրդին ճանաչած լինեին, իրենց ցուցակում չէին ընդգրկի մարդկանց, որոնց ընդգրկել են»: Թե մասնավորապես ո՞ւմ նկատի ունի՝ Գագիկ Մինասյանը անուններ չցանկացավ տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930