«Մենք ունենք ռեզերվներ, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցնելու մասով: Եթե հայթայթվեն այդ գումարները` 3-ից 3,5 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Այս տարբերակի գործարկման համար Էներգետիկայի նախարարությունը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է բանակցեն արտադրող կայանների եւ բնական մենաշնորհ ունեցող ընկերության հետ`հնարավոր գործողությունների մասով: Միքայել Մելքումյանը նկատեց, որ ՀԷՑ-ը 39,9 դրամով է միջին սակագին սահմանել, իսկ արտադրող կայաններից էլեկտրաէներգիա է գնում է 21,6 դրամով. «Հիմնական ռեզերվը 21,6-ի մեջ է»:
Բանախոսի դիտարկմամբ, պետական սեփականություն հանդիսացող երկու կայանները՝ ատոմակայանը եւ ՋԷԿ-ը, բաշխման ամբողջ ծավալի 55% են կազմում: «Որքան է շահութաբերությունը՝ 10%, որից պետբյուջեն շահաբաժին չի ստացել: Այսինքն, մենք պետք է ծախսերի, չասեմ կոշտ, բայց ռեալ օպտիմալացում իրականացնենք: Պետությունը լավ բիզնես չի կարողանում կառավարի»,-շարունակեց նա` նկատելով, որ ՀԱԷԿ-ի ռեսուրսի երկարացման աշխատանքներ են իրականացվում եւ հաջողվել է 25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ բացահայտել:
Հիշեցնենք, որ 5 դրամով էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու համար 27 մլն դրամ է անհրաժեշտ:
Երկրորդ կարեւոր հնարավորությունը հանձնաժողովում համարում են Իրան-Հայաստան գազամուղից ստացված ծավալների ավելացումը, որը արդեն 515-520 միլիոն խմ մետրի է հասնում: Երրորդը` ՀԷՑ-ի շահութաբերության նվազեցումն է: Հանձնաժողովում գտնում են, որ կարելի է ՀԷՑ-ի շահութաբերությունը 14 տոկոսից 12-ի իջեցնել:
Հանձնաժողովում ուսումնասիրել են նաեւ կորուստներին վերաբերվող հնարավորությունները: Ըստ Միքայել Մելքումյանի, ներկայումս սակագնի մեջ այն հաշվարկված է 11, 3 տոկոս, մինչդեռ փաստացի կորուստները կազմում են 9,4 տոկոս: Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է կորուստները նվազեցնել 7,5 տոկոս:
«Հիմա պետք է հասցնել արագ կորստի նվազմանը, որը սակագնի մեջ պետք է արտահայտվի, ինչո՞ւ պետք է փաստացի քիչ լինի, մեկ տոկոսը 2 մլրդից պակաս չի. սխալ մեթոդաբանություն է, պետք է հետամուտ լինել խնդրին»,- ասաց բանախոսը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Լրագրողները հետաքրքրվեցին`ո՞ւմ շահն է մինչ այժմ սպասարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Միքայել Մելքումյանը խուսափողական պատասխանեց. «Չեմ ուզում ասել, որ պետական հանձնաժողովն իր վնաս պետության է գործել, բայց դրա գործունեությանը գնահատական պառլամենտը պետք է տա»:
Ի վերջո, այս «փնթի» իրականության համար, ինչի արդյունքում մարդիկ բարձր վճարներ են վճարել, ո՞վ պետք է պատասխան տա` հարցադրումներին էլ, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ եք կարծում, նախորդ կառավարությունները, որ գործունեություն են ծավալել, ձախողել են, պատասխանատվության ինստիտուտ կա՞ : Պետք է վերաիմաստավորենք պետական մարմինների, հատկապես անկախ կոչվող մարմինների գործունեությունը: Հանձնաժողովն, այո, անցած տարիներին արդյունավետ չի աշխատել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ