Եթե անգամ սահմանին գազի գնի փոփոխություն չի լինում, ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովն ունի իր պատկերացումները`գազի սակագինն իջեցնելու մասով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը գազի սակագնի նվազեցման մոտավոր հնարավորությունների մասին չցանկացավ խոսել, քանի որ այժմ հայ-ռուսական կառավարական բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, նախկին պայմանագրերի ժամկետները մինչեւ այս տարեվերջ ավարտվում են: Կառավարություններն այժմ բանակցում են, հույս կա, որ հնարավոր կլինի սահմանին գազի գնի նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել: Այդ պատճառով, Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքը չի ցանկանում պոպուլիստական հայտարարություններ անել. կոնկրետ թվերի մասին կարելի կլինի խոսել միայն բանակցությունների ավարտից հետո:
ԱԺ հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքներն ամփոփելով, հանձնաժողովի նախագահը իրենց աշխատանքի արտադրողականությունը բարձր է գնահատում, արդյունքները`հետո կերեւան: Հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ այս գումարման խորհրդարանի աշխատանքի ավարտը:
Գազամատակարարման համակարգում մի քանի խնդրահարույց բաներ կան. հանձնաժողովում գտնում են, որ տեխնոլոգիական կորուստների 6,6 տոկոսը սակագնում շատ բարձր է, նախկինում եղած 5,3 տոկոսից: Մեկ տոկոս կորստի դեպքում տասնյակ միլիոնների մասին է խոսքը: Հանձնաժողովում արձանագրել են, որ գազաբախշման համակարգում զարմանալիորեն կորուստի ծավալը 2 տոկոս է: 4 տոկոսից ավելի կորուստը մայրուղիային համակարգում է: Խոսքը 90 միլիոն խորանարդ մետր գազի մասին է: «Եթե տրամաբանենք, ստացվում է մի հատվածում գազատարը չկա»,- վրդովվեց Միքայել Մելքումյանը` հավելելով, որ խոսքը Վրաստանից Հայաստան եկող գազատարի 15 կմ հատվածին է վերաբերում. Վրաստանի հաշվիչում այլ թիվ է, Հայաստանի`այլ: Aravot.am-ի հստակեցմանը`արդյոք Ադրբեջանի հատվածում է այդ 15 կիլոմետրը, Միքայել Մելքումյանն ասաց, որ մանրամասներ չի ասի, այդ հարցը իրենք փակ նիստում են քննարկել. «Սահմանակից է»: Նա կարծում է, որ կառավարությունը պիտի միջամտի այս հարցում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Հաջորդ խնդիրը, ըստ հանձնաժողովականների, հայ-ռուսական մեծ պայմանագրերով պետության կողմից սահմանափակված գործառույթներն են: Դա, հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ ընդունեց նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանի ղեկավարը:
«Գազպրոմ Արմենիայի» գործունեության հիմքում առաջիկա տարիների համար շահութաբերության 10 տոկոս է դրված, մինչդեռ, այսպես ասած, երկարատեւ շուկա է`բնական մենաշնորհի հաշվին եւ ԱԺ հանձնաժողովում կարծում են, որ շահութաբերության այդ մակարդակը պարտադիր չէ: 2015 թվականից 35 միլիարդ դրամ շահույթ է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: ԱԺ հանձնաժողովում դիտարկել են եւ տեսել են, որ շահույթից ծախսեր արվել են, բայց այդ ծախսերի նպատակահարմարության հարցն են քննարկում. բնական մենաշնորհն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հարցերը չպետք է անտեսվեն:
«ԵԱՏՄ մեկ այլ երկիր սահմանի վրա 132 դոլարով է գազ ստանում: Այստեղ հետաքրքիր հնարավորություններ կան: Իսկ ինչու չքննարկել գազի փոխադրման եւ բաշխման համակարգերի տարանջատման հարցը: Միգուցե, ըստ տարածաշրջանների բաշխման մրցույթ հայտարարենք, որոնք ավելի մատչելի գնով եւ ցածր շահութաբերությամբ պայմաններ կառաջարկեն»,- ասաց Միքայել Մելքումյանը` նկատելով, որ այս մեթոդն աշխարհում ընդունված է: Հանձնաժողովն իր եզրակացության մեջ սա կառաջարկի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ