ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով վաղը ԱԺ լիագումար նիստում քննարկվելիք պետբյուջեի նախագծի մասին՝ ասաց, որ կառավարության գործունեության ծրագրում հեղափոխական աճեր էին խոստանում բոլոր ոլորտներում՝ ներդրումների աճ, տնտեսական աճ, արտահանման աճ, սակայն բյուջեի նախագծով պարզվեց, որ այդ հեղափոխական աճերից ու խոստումներից որեւէ բան չի մնացել: Կառավարությունն առերեսվեց այն խնդիրների հետ, որ կանգնած էր իրենց առաջ. «Պատահական չէ, որ վարչապետը քննարկումներից առաջ ասաց, որ բյուջեի նախագիծը հեղափոխական չի, իներցիոն է, սակայն դա էլ ճիշտ գնահատական չի: Բյուջեի նախագիծը բնավ էլ իներցիոն չի, ռեգրեսիվ է, հետընթաց է բոլոր ուղղություններով: Եթե 2017-ին 7.5 տոկոսի տնտեսական աճ է, այս տարի 6,5 տոկոս տնտեսական աճ, եկող տարվա համար՝ 4,9, ակնհայտ նվազում է: Տնտեսական աճն էլ էապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք առաջին 3 ամիսների ընթացքում բարձր տնտեսական աճի ցուցանիշ ենք ունեցել: Դա է պատճառը, որ այս տարի կավարտենք 6,5 տոկոս տնտեսական աճով: Կապիտալ ներդրումների բնագավառում աճի տեմպերի նվազեցումը խոսում է այն մասին, որ դուք ապագա տարիներին տնտեսական աճ, պաշտպանության բնագավառում ներդրումների ավելացում, սոցիալական բնագավառում ներդրումների ավելացում չեք կարող ակնկալել: Ամբողջ տարվա համար ակնկալվում է ավելի քան 2 անգամ պակաս կապիտալ ներդրումներ: Այս տարվա առաջին կեսին 76.1 տոկոս էր, մյուս տարվա առաջին կեսին ակնկալվում է ծիծաղելի աճ՝ 6,1 տոկոս: Սպառման իրական աճը 2017-ին 9.6 տոկոս, այս տարի սպասվում է կտրուկ անկում՝ 5,4 տոկոս եւ եկող տարի անկումը շարունակվում է՝ 5 տոկոս: Ապրանքների արտահանման աճը նույնպես անկում է ապրել»:
Մինասյանն ասաց, որ մարդիկ ասում էին ստվերը պետք է կրճատվի, բայց ընդամենը 1.3 տոկոսի ստվերի կրճատում է նախատեսվում. «Սա ուղղակի դատավճիռ է»:
Գագիկ Մինասյանը, ներկայացելով տնտեսական ցուցանիշները, ասաց. «Ահա թե ինչ մնաց այն հեղափոխական աճի տեմպերից ընդամենը 6 ամիս հետո: Իշխանությունը պետք է լրջագույն քայլերի գնա, իր կադրային քաղաքականությունը էապես փոխի եւ լրջագույն աշխատանք կատարի, որ օտարերկրյա ներդրումների քանակն ավելանա, առանց ներդրումների հնարավոր չէ այս խնդիրները լուծել: Բայց միաժամանակ վարչապետը անում է հայտարարություններ, որոնք հեռու են պահում ներդրողներից, ասում է՝ ՀՀ-ն կղզի է՝ առանց նավահանգիստների, ասում է, որ մեր հարավային սահմանը վտանգված է ու կարող է շատ անակնկալ կերպով փակվել, ներդրողը գալիս է այստեղ ի՞նչ անի: Ներդրողի համար երկրի վարչապետի խոսքը շատ կարեւոր նշանակություն ունի»:
Մեր հարցին՝ դուք ներկայացնում եք տնտեսական աճի ցուցանիշների տարբերությունը, բայց նախկինում ընդդիմությունը ձեզ քննադատում էր, որ ձեր տնտեսական աճը փուչիկի էֆեկտ ունի, մարդիկ այդ աճն իրենց վրա չեն զգում եւ հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ «պոզիտիվ տրանսֆորմացիա» է լինում տնտեսության մեջ, դուք չե՞ք տեսնում այդ տրանսֆորմացիան՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ տրանսֆորմացիայի մասին հուշող տվյալներ չկան: Գոնե մեկ-երկու ցուցանիշ չպետք է լինի. ներդրումների աճի տեմպերն էապես նվազում են, հարկային եկամուտները նվազում են, տրանսֆորմացիան պետք է երեւա. «Դուք ինքներդ կարող եք գնալ շուկաներ եւ տեսնել, թե առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ինչպես են բարձրացել, դուք ինքներդ կարող եք ձեր բարեկամների հետ խոսելով տեսնել տրանսֆորմացիան ինչպես է անդրադարձել: Դրանք խոսքեր են: Ցանկացած աճ իր մեջ պետք է ունենա հիմքեր»:
Գագիկ Մինասյանն ասաց, որ չնայած բյուջեի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներին, 6-րդ գումարման ԱԺ-ն ավարտում է իր լիազորությունները ու մեր ժողովրդին պետք է թողեն ընդունված բյուջե. «Մենք ակնկալում ենք, որ մեր խմբակցությունը կկարողանա համապատասխան քանակի պատգամավորների ներկայությունն ապահովել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ