Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից:
Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից և ժամը 19:45-ից։
Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.
2) դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 oր)՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
2) դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով.
3) դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 5-ական րոպե վճարովի հիմունքներով։
Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ ԿԸՀ համացանցային կայքում՝ «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` ընտրական տեղամասերի և միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:
ԿԸՀ մամուլի ծառայություն