Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության գործիք դանակը չի գտնվել, իսկ ենթադրյալ դանակահարողին 18 տարի են տվել

Նոյեմբեր 20,2018 13:30

Գրիգոր Մաթևոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման 18 տարի ժամկետով: Մեղադրող Չիլինգարյանը պահանջել էր 23 տարի ազատազրկում, իսկ վերաքննիչ քրեական դատարան բողոք բերած մեղադրանքի կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժ է տվել՝ քիչ ժամկետով է դատապարտել, եւ միջնորդել է 25 տարվա ազատազրկում:

Այս մասին երեկ «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:

Նրա հետ ասուլիսին մասնակցեց եւ իր խոսքն ասաց նաեւ Գրիգորի հայրը՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրայր Մաթեւոսյանը: Վերջինս ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գործի մասին տեղյակ է. «Ես նրա թերթի լրագրողին մի քանի անգամ տարել եմ դատական նիստի, նա նկարել է»:

Նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ Գրիգորը Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշ ջրամբարի թերակղզու հարակից տարածքում «տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի Վրեժ Մաթևոսյանին առողջության ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտրած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, կոմբինացված շոկ 3-4-րդ աստիճանի, ագոնալ վիճակ: Դրանից հետո Բերդ քաղաքի բնակիչ Գագիկ Ճաղարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային և հետին երեսին և սպանել նրան»: Տուժողներից Վ. Մաթեւոսյանը ամբաստանյալի հեռավոր ազգականներից է:

Իրեղեն ապացույց դանակը չկա գործի նյութերում, իսկ ամբաստանյալի հոր տեղեկացմամբ, իր որդին եղել է կարատեի բազմակի չեմպիոն, տիրապետել է արեւելյան մարտարվեստի կանոններին, նրան երբեք դանակ անհրաժեշտ չէր, որ օրինական կրել է գազային ատրճանակ, եւ դեպքի օրն էլ նա ունեցել է այդ ատրճանակը:

Ամբաստանյալի հոր ասելով, 2 տարի 8 ամիս է՝ որդին գտնվում է անազատության մեջ, իսկ նրա բոլոր զգուշացումներն ու նամակները դիտում են իբրեւ սպառնալիք:

Փաստաբան, 27-ամյա Գրիգոր Մաթեւոսյանի պաշտպանությունը դատարանում ստանձնած Լիպարիտ Սիմոնյանը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատավճիռը կայացվել է մեղադրական եզրակացության հիման վրա, իսկ «սույն գործի դատաքննության ժամանակ հարցաքննված տուժող Վրեժ Մաթեւոսյանը եւ վկաները ցուցմունքներ տվեցին, որ նախաքննության ժամանակ իրենցից ցուցմունքները կորզվել են անօրինական ճանապարհով, սպառնալիքներով, խաբեությամբ»: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ նախաքննությունն իրականացրած մարմնի դեմ:

Լ. Սիմոնյանն ասաց, որ կային վկաներ, որոնք ընդհանրապես դատարան չեն եկել, մինչդեռ նախաքննության ժամանակ տրված նրանց ցուցմունքները համարվել են արժանահավատ: Սակայն ոչ տուժողը, ոչ վկաները ցուցմունք չեն տվել, որ ամբաստանյալը իրենց վնաս է տվել:

Լ. Սիմոնյանն ասաց. «Վկա Հայկազ Մաթեւոսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ նախաքննական ցուցմունքները գրել է քննիչ Գարանյանի, եւ ոստիկանապետի թելադրածով: Երկու անգամ ցուցմունք է գրել: Երկրորդ ցուցմունքը գրել է զորամասում: Այդ ժամանակ, բացի քննիչից, ներկա է գտնվել նաեւ ոստիկանապետը, ով անընդհատ ներսուդուրս էր անում: Դիրքերից իր հետ զորամաս է եկե նաեւ իր ծառայակից Էդգար Ջուլհակյանը, ով նույնպես կարող է հաստատել, որ քննիչի հետ սենյակում է եղել նաեւ ոստիկանապետը: Այդ ժամանակ ոստիկանապետն ասել է, որ պետք է գրի, որ Գագոյի դանակից է մարմնական վնասվածք ստացել, իբր ինքը դեպքի վայրում է եղել, մի քիչ շուտ է վերադարձել տուն, ու քնել, իսկ ինքը պնդել է, որ իրականում դեպքի վայրում չի եղել, այլ տանը քնած է եղել, ոստիկանները եկել են իրենց տուն, իրեն արթնացրել, տարել են բաժին: Նախաքննական ցուցմունքում Հունան Գարանյանն այնպիսի բաներ է թելադրել, եւ ինքը գրել է, որն իրականությանը չի համապատասխանում: Այդ պատճառով ցանկացել է պատռել, սակայն քննիչը չի թողել»:

Այս գործով վկաներից Ծովինար Մադատյանը ցուցմունք էր տվել. «Երեւան քաղաքից ոստիկաններ են եկել, իրեն դուրս են հանել սենյակից, չի իմացել՝ ինչ են խոսել ամուսնու հետ: Բայց դրանից հետո ամուսինը սկսել է իրեն նորից վատ զգալ: Դրանից հետո քննիչը եկել է ամուսնուց ցուցմունք վերցնելու համար: Մանասին ասել են ցուցմունք տուր, նա ասել է՝ ոչինչ չի հիշում:

Ոստիկանապետից լսել է, որ Գագոն արդեն ցուցմունք է տվել, իսկ Քիքին՝ Գրիգորը, արարքն իր վրա է վերցրել: Ամուսինը չի ցանկացել ոչինչ գրել, քանի որ իրեն վատ էր զգում, իսկ ոստիկանապետն առաջարկել է գրավոր ցուցմունք գրի: Մանասը՝ ամուսինս, ցուցմունք է տվել, ինչ-որ մեկը գրել է նրա փոխարեն: Ոստիկանապետն ասել է՝ զգույշ լինեմ ամուսնուս նկատմամբ, ուրիշ մարդ չգա, անգամ սենյակի վարագույրները չբացի, անծանոթ հեռախոսազանգերին չպատասխանի, հավատացել է ոստիկանապետի խոսքին, ելնելով նրա պաշտոնից, չի կասկածել նրան: Ամուսինը շոկային պահին լսել է, որ ասում է. «Գագոն մեռավ, ով խփեց, Գոքոր, հասի», որոշ ժամանակ անց ոստիկանապետը հարցրել է՝ գոհ է, որ ամուսնուն խփողին բռնել են, պատասխանել է՝ եթե իրոք նա է խփել, այո: Ոստիկանպետը զանգել է, հայտնել, որ առերես հարցաքննություն է լինելու: Այդ ժամանակ ինքը ցուցմունք է գրել, որ Հրայր Մաթեւոսյանը, որպես ամուսնու հորեղբայր, օգնության կարգով երկու հարյուր հազար դրամ է տվել: Այդ ժամանակ ոստիկանապետն ամուսնուն սպառնացել է, որ առերես հարցաքննության ժամանակ չփորձի պետական լծակների հետ խաղալ, նախկինում դատվածություն ունի, գործը շուռ կտան վրան… ոստիկանապետը հեռախոսով ամուսնուն հայտնել է, որ կարող է առաջին նիստին չգալ, եթե ցանկանա, կարող է երկրից դուրս գալ: Ամուսինս միշտ տանջվել է նախաքննության ժամանակ տրված սուտ ցուցմունքի համար. նա միշտ ասել է, որ դեպքը չի հիշում, Գրիգորն իրեն եւ Գագոյին չի հարվածել»:

Լ.Սիմոնյանն ասաց, որ դատարանը լսելով վկաների ցուցմունքները պաշտոնատար անձանց՝ ոստիկանապետի, քննիչի վերաբերյալ, առհասարակ, քննության առարկա չի դարձրել դրանք, անգամ այն ժամանակ, երբ ծանր մարմնական վնասվածք ստացած տուժողը եւ վկաները այդ հիմքով կասկածի տակ են դրել Վրեժ Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքները, Գրիգորի կողմից իրենց հարվածելու վերաբերյալ, դանակով հարվածներ հասցնելու փաստական հանգամանքի իրական կամ ոչ իրական լինելուն:

«Առավոտի» դիտարկմանը, թե միակ «զտարյուն» ականատեսը Վրեժ Մաթեւոսյանն է, արդյոք նա տեսե՞լ է՝ ինչով են հարվածել իրեն, Լ. Սիմոնյանը պատասխանեց. «Երկու տուժողներն են հայտնվել փողոցի մեջտեղում: Երկու վնասվածք է ստացել մահացողը, մեկը՝ նույն պահին 5-7 մետր հեռավորության վրա գտնվող տուժողը: Մահացողին գիտեր Գրիգորը. նրանք նախկինում միասին մեկուսարանում են գտնվել»:

Ամբաստանյալի հոր տեղեկացմամբ, որդուն անընդհատ սպառնացել են իրավապահ մարմնի աշխատակիցները, ոստիկանապետը՝ «դեղ եմ գցելու ջեբդ, տանեմ», ինքն այդ մասին ասել է, երբ եղել է արդարադատության փոխնախարարի մոտ, ոստիկանության ներքին անվտանգության բաժնի պետ Հակոբյանի, կառավարությունում: Նա ասաց, որ պատրաստ է մահվան եւ ցմահի, եւ որդին չպետք է դատվի չկատարած հանցանքի համար:

«Դատարանը կայացված դատավճռի հիմքում դրել է դատարանում չհարցաքննված վկաներ Մհեր եւ Արտյոմ Թումանյանների նախաքննական ցուցմունքները: Նրանք դատարան չեն ներկայացել, դատարանը որոշել է հրապարակել նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, իսկ Գրիգոր Մաթեւոսյանը, նրա պաշտպանները զրկվել են նրանց դատարանում հարցաքննելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը»,-պնդեց բողոքաբեր կողմը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ասուլիսի ժամանակ տեղեկացանք, որ Գրիգորը նախկինում դատապարտվել է չորս անգամ՝ երեք անգամ գողության, մեկը՝ ձեռքով մարմնական վնասվածք հասցնելու, եւ դրա համար երկու տարով պայմանական էին դատապարտել: Ու առնվազն տարօրինակ էր, որ չորս անգամ դատապարտվածին, պայմանականը չմարածին օրինական զենք տային:

«Առավոտ»

20.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930