Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կկարճվի։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջադեպի արդյունքում ծեծի, սեռական բռնության ենթարկված Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմել է նախաքննական մարմին եւ իր տված բոլոր ցուցմունքները հետ է վերցրել:
– Ինչո՞ւ 9 ամիս անց հիշեցիք Ձեզ պաշտպանողներին։
– Հիմա ասեմ, որ ես հետագայում իմացա, որ նախադահլիճի պատուհանները, որ ծածկված են վարագույրներով, այնտեղ մի ձող կար, որը լավ ամրացված չէր, եթե հանկարծ ինձ հրեին, ես իրոք կընկնեի բարձրությունից ու կմահանայի կամ կմնայի հաշմանդամ, ամեն դեպքում լուրջ վնասվածքներ կստանայի։ Կային մարդիկ, որ այդ ամենից տեղյակ էին, եւ փաստացի Գոռ Վարդանյանը եւս գիտեր եւ ինձ այդ մասին ասեց, բացատրեց։ Այո, ես շնորհակալ եմ, որ նա թույլ չի տվել, որ ես այնտեղից ընկնեմ։ Ցանկանում եմ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն մեկ այլ անձի վրա, որը փաստացի իմ թիմակիցն էր, նայում էր, թե ինչպես են ինձ ծեծում ու ջարդում։
– Ո՞վ։
– Տիկին Փոստանջյանը… հասկանում եք, պետք է այդ կադրերը մի քանի անգամ նայես եւ կընկալես ողջ ճշմարտությունը։
– Ինչո՞ւ նախկինում այդ մասին չէիք ասում։ Երբ կուսակցությունից դուրս եկաք, անցաք հանրապետակաների կողմը, նոր եք այդ մասին խոսում։
– Պարզապես առիթ չէր եղել։ Ես այդ մասին այնպես չէ, որ լռել եմ, իմ ցուցմունքներում եմ գրել։ Ես ասել եմ այն, ինչ ճշմարիտ է։ Ինչ վերաբերում է իմ մոտեցման փոփոխությանը, ես կարծրատիպերով ապրող մարդ չեմ եւ գտնում եմ, որ մենք դինամիկ պետք է լինենք, եւ դինամիկ լինենք մեր ապրելակերպում եւ քաղաքականության մեջ, եւ չպետք է թշնամի դարձնենք մեր հայրենակիցներին, սա իմ անձնական մոտեցումն է եղել, եւ որեւէ մեկը ինձ չի խնդրել, որ նման հայտարարություն անեմ : Շատ լավ հասկանում էի, որ կլինեն նման արձագանքներ, բայց ճիշտ հասկացեք, լինելով բժիշկ՝ ես հաճախ եմ իմ կյանքը, իմ ժամանակը զոհաբերել դիմացինի առողջության համար։ Ես տեսա, որ մարդիկ, որոնք իրականում բռնություն էին ցուցաբերել, մնացին ստվերում, եւ լավ է, որ դեռ մյուս պաշտպանողներիս չեն քարկոծել։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում