Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակից տարկետման հարցով ժամանակին ինձ դիմել են ոչ միայն Վիգեն Սարգսյանի, այլեւ՝ Արմեն Գեւորգյանի համար. Վահան Շիրխանյան

Նոյեմբեր 20,2018 11:47

Պարզվում է՝ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կնոջ հայտարարությունը, թե նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանն է օգնել բանակից խուսափելու համար Ռազմական ոստիկանության կողմից հետապնդվող Վիգեն Սարգսյանին, ճիշտ տեղեկատվություն չէ:

Վահան Շիրխանյանը Aravot.am-ին ասաց, որ ինքն իսկապես օգնել է Վիգեն Սարգսյանին բանակի հարցով, բայց. «Այն ժամանակ կար ընդունված կարգ, եթե մարդիկ խոստումնալից կրթություն են անցնում, ունեն լավ ցուցանիշներ, խնդրում են տարկետում, մենք տալիս էինք, որ կրթությունն ավարտի: Ժամանակին ինձ դիմել են տարբեր խոստումնալից ու տաղանդավոր երեխաների համար ոչ միայն Վիգեն Սարգսյանի, այլեւ Արմենչիկի (խմբ. նկատի ունի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին), նրա չորս ընկերների համար էլ են դիմել, այն ժամանակ սովորում էին Սանկտ Պետերբուրգում, հետո Կոպենհագենում, նրանց էլ ենք տարկետում տվել»:

Իսկ ով Վիգեն Սարգսյանի ընկերուհին, որն, ըստ Ռուզաննա Խաչատրյանի, բարեխոսել էր Վիգեն Սարգսյանի համար, որ պատժից ազատվի, մեր հարցին պարոն Շիրխանյանը հարցով պատասխանեց. «Ով էր նրա ընկերուհին, որ ինձ դիմեր, ես չեմ հիշում: Ես երբեք կին խորհրդական չեմ ունեցել, ինչպես տիկինն է ասել: Ես կարծում եմ՝ ինքը չունի լիարժեք տեղեկատվություն, որովհետեւ ես չէի կարող ազատել բանակից, կարող էի միայն տարկետում տալ, ինչը տվել եմ: Բացի այդ, եթե Վիգեն Սարգսյանը հետապնդվեր ոստիկանության կողմից, ես չէի կարող տարկետում տալ նրան, անհնարին բան էր, սխալ տեղեկատվություն է»:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը գրել էր. «Աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930