Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի արդյունքում 4 զինվոր մահացավ, խնդրի առաջ է կանգնեցրել նախաքննական մարմնին։ Վերջիններս, շունչները պահած, սպասում են փորձաքննության արդյունքներին։
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը հայտնեց. «Նախարարն ասել է, որ դեպքի ժամանակ ոչ թե կոնկրետ այդ մեքենան է անսարք եղել, այլ նախարարն ասել է, որ ծառայողական քննությունը ցույց է տվել, որ այդ ավտոպարկում եղել են անսարք մեքենաներ։ Տվյալ մեքենան ժամանակի ընթացքում եղել է անսարք, եւ հասկանալի չէ, թե այդ անսարքությունը լիարժեք մեխանիզմներով վերացված են եղել երթից առաջ, թե ոչ։ Այսինքն՝ զուտ ծառայողական առումով պատճառ եղել է պատժելու անսարք մեքենա ունենալու, այն շահագործման դնելու կիրառական գործընթացների խախտման մեջ»։
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի դեպքով մի քանի հոգու ազատել է զինվորական ծառայությունից։ Մասնավորապես, ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ա.Բ.-ն։ Նախազգուշացում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի եւ զրահատանկային ծառայության պետ մայոր Գ.Չ.-ն։ Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա-ն։ Նկատողություն է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ-ն։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում