Ազգային ժողովն, ինչպես հայտնի է, չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը պիտի պետականորեն ապահովվեր այնպես, ինչպես ապահովվում է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը։ Եվ ընդդիմադիր քաղաքական շրջանակները շտապեցին սա ներկայացնել որպես «անաստվածություն», «աղանդավորների հաղթանակ», «ազգային ինքնության հիմքերը խարխլելու փորձ» եւ այլն։
Իրականում բուն խնդիրն, իհարկե, բյուջեի հաշվին լրացուցիչ մի քանի (կամ մի քանի տասնյակ) թիկնապահներ պահելը չէ, խնդիրը շատ ավելի խորն է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հասարակության մեջ բացարձակ եւ անառարկելի հեղինակություն ունենային, որեւէ իշխանություն (անգամ հասարակության լիակատար աջակցությունը վայելող) չէր համարձակվի չընդունել այդ նախագիծը եւ դրանից հետո դուրս գալ «մարդամեջ» ու նայել մարդկանց աչքերին։ Ավելին՝ դա անգամ քննարկման առարկա չէր դառնա, նախագիծը կներկայացվեր եւ կընդունվեր առանց որեւէ առարկության։ Այսինքն՝ իրականում բուն խնդիրն այն է, թե ինչո՞ւ եկեղեցին ու Կաթողիկոսն այդպիսի անառարկելի հեղինակություն չունեն։
Այո, տոտալիտար աղանդներն «աշխատել են» այդ ուղղությամբ, այո, քիչ չեն արտաքին ուժերը, որոնք կցանկանային թուլացած տեսնել այդ կարեւորագույն ազգային ինստիտուտներից մեկը, բայց խոստովանենք, որ հիմնական պատճառն այնուամենայնիվ ներսում է։ Արդյո՞ք եկեղեցին ինքը ամեն ինչ արել է՝ հասարակության կյանքում առանցքային դերակատարում ստանձնելու եւ անառարկելի հեղինակություն վայելելու համար:
Խնդիրը, կրկնում ենք, Կաթողիկոսի անվտանգության ապահովումը չէ (առավել եւս, որ վստահ ենք այդ հարցն այսպես թե այնպես ինչ-որ ձեւով կկարգավորվի, եւ Կաթողիկոսը հաստատ անպաշտպան չի մնա)։ Խնդիրն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վերջապես պիտի հետեւություններ անի այս ամենից եւ գիտակցի, որ ազգային-պետական կյանքում իրեն վերապահված դերը թեեւ տրված է ի վերուստ, բայց ենթադրում է ամենօրյա ջանք՝ վերահաստատելու համար ի վերուստ տրված այդ իրավունքը։
Իսկ Ազգային ժողովն, իհարկե, ճիշտ կաներ, եթե առանց անգամ քննարկելու Կաթողիկոսի անվտանգությունը պետականորեն ապահովելու մասին օրենքն ընդուներ։ Թեկուզ՝ «ավանսով»։ Այն ակնկալիքով, որ եկեղեցին համապատասխան եզրակացություններ կանի եւ ի վերջո կկանգնի այնտեղ, որտեղ պարտավոր է կանգնել՝ ժողովրդի կողքին։
Ինչպես որ սահմանված է ի վերուստ։
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում