Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխովը պետք է փոխարինել խելքով». հոգեբան Սամվել Խուդոյան

Նոյեմբեր 19,2018 23:23

Նոյեմբերի 17-ին «Զարկերակ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: Թեման՝ նախընտրական տրամադրությունները, հույսերն ու հոգեբանական մանիպուլյացիաներն էին:

Հեղափոխությունից հետո վստահություն է նկատվում ժողովրդի մոտ, քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ զգացվեց: Բանախոսը հավատում է, որ արդար ընտրություններ են լինելու, ոչ մի ռեսուրսներ չեն օգտագործվի, և այստեղից ենթադրում է՝ ընտիր խորհրդարան է ձևավորվելու, մտավախություններ կան, որ իշխանության բաժինը այդտեղ շատ մեծ է լինելու, իսկ ընդդիմությունը՝ շատ թույլ:

Ինչ վերաբերում է հոգեբանական մանիպուլյացիաներին, եթե նախորդների ժամանակ ակնհայտ զգացվում էր, հիմա միայն բամբասանքն է մնացել, առանձնապես որևէ ակնհայտ նուրբ աշխատանքներ ոչ մեկի մոտ չի նկատում: Ավելի շատ ֆեյսբուքյան գովազդներ են:

«Նիկոլ վարչապետ» նշանաբանը մանիպուլյացիայի ձև համարո՞ւմ է հարցին հյուրը պատասխանեց, որ իշխանությունները ոչ միայն հատուկ մանիպուլյացիա չեն կիրառում, այլև ֆեյսբուքյան հարձակումները ավելի շատ նրանց դեմ, քան կողմ է տեսնում: Հստակ որևէ PR չի նկատում:

Իսկ իրեն մանիպուլյացիաների մեխանիզմ մշակելու համար դիմում էին նախորդ իշխանությունները լարված իրավիճակի դեպքում և առաջարկել է երեք, չորս կետ:

«ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ևս հոգեբանական մանիպուլյացիայի վրա է շեշտը դրված, որոնք զոմբիացման իսկական մեխանիզմներ են: Անգամ հատորներ կան գրված ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կիրառած հոգեբանական տեխնիկաների վերաբերյալ: Իսկ մեզ մոտ այդքան պրոֆեսիոնալ մասնագետներ չկան աշխատող:

Մենք աշխարհաքաղաքական շատ վտանգավոր դիրքում ենք, և չի կարելի քաղաքականացնել օրինակ կաթողիկոսին անվտանգությամբ ապահովելու հարցը, նա ժողովրդի մարդն է, բայց դա քաղաքականացնում են և դարձնում մանիպուլյացիոն քայլ:

Նախկին իշխանություններն էլ պետք է ավելի ադեկվատ գնահատեն իրավիճակը: Այնպիսի անուններ են ընդգրկել ընտրական ցուցակում, որ առանձնապես ձայն չեն բերի, կարծում եմ հույսը դրել են թաղի տղաների, ընկեր, բարեկամների վրա», ասում է հոգեբանը:

Առավոտի այն հարցին, թե ներկայիս իշխանությունում նման բան չե՞ք նկատում, ասեց, որ անձամբ չի նկատել, չնայած որոշ շրջանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ փաստեր ներկայացրել են, որ այդպիսի բաներ են եղել: Չնայած ներկայիս իշխանությունները ամեն կերպ պետք է խուսափեն, քանի որ խորհրդանշական ընտրություններին առնվազն 60-70% ձայն միևնույն է կհավաքեն:

Ասում են նախկինում հանրապետականին ձայն բերած մարդիկ, որոնք անդամակցություն չունեին, հիմա կաշխատեն ՔՊ-ի համար: Ս. Խուդոյանը կարծում է, որ մենտալիտետի փոփոխումը բավականին բարդ է, բնականաբար պետք է նախկինի նման այդ մարդիկ քծնառած վարք դրսևորեն, բայց այդպես ավելի շատ վնաս կտան ներկա իշխանություններին, քան օգուտ: Եթե այդպիսի քայլերի գնան, օրենքով պետք է խիստ պատժվեն:

Հյուրը անդրադարձավ նաև բարեփոխումներին. «Հայաստանի տարբեր ոլորտներում մեծ փոփոխություններ չեն գրանցվել: Ժողովուրդը նախ և առաջ գնահատում է այն, որ անհավատալի ձևով իշխանափոխություն կատարվեց, ոչ մեկ, երևի իրենք էլ չէին հավատում, որ հնարավոր է այդպիսի բան:

Երկրորդ հերթին ժողովուրդը շատ լավ հասկանում է,որ դեռ ևս շուտ է գնահատել, երրորդ հերթին՝ որոշ չափով իջել է այն ռեյտինգը, որ կար քաղաքապետի ընտրությունների ժամանակ, համոզված եմ 80% չէ հիմա, իջել է կադրային սխալ քաղաքականության հետևանքով: Ժողովրդի հոգեբանական վիճակը հեղափոխությունից հետո փոխվել է, 20% վստահության անկում, այսինքն` մարդիկ, ովքեր շատ մեծ ջատագով էին ներկա իշխանությունների, հիմա սկսել են կասկածներ արտահայտել, բայց ժողովրդի մեծամասնությունը մեծ սեր ունի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Հիմնականում կադրային դժգոհություններ են, օրինակ` գիտության, տնտեսության ոլորտներում, առանձնապես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»:

«Հեղափոխությունը մարդկանց հուզականի վրա ազդել է, որ ասում են էյֆորիա, մի փոքր ճշմարտություն կա, ոգևորությունը մեծ է, նախկին հուսահատությունը բացակայում է, միայն թե «դուխովը» իսկապես պետք է փոխարինել խելքով: Պետք է անցում լինի ադեկվատ գնահատականի, սկզբում միշտ գերագնահատում ես, կգա ժամանակ, որ տոկոսները կհավասարվեն

Բավական բարդ է այս տարածաշրջանում, այս մենթալիտետով, երբ ահռելի քանակությամբ պաշտոնյաններ դեռ ևս գործում են կաշառք-թալան գաղափարով, հնարավոր չէ արդար հասարակություն ստեղծել: Լուրջ պայքար, եթե լինի, բռնոցի-փողփոկոցի-բացթողոցի սկզբունքով չշարժվեն, լուրջ հիմքեր ունենալով գործեն: Այդպես չի կարելի ասել՝ վայ սխալվել ենք, այս մարդուն վարկաբեկեցինք ուղարկեցինք: Անհրաժեշտ է ավելի հիմնավոր փաստերով աշխատել և նախորդ իշխանության սխալը չկրկնել, եթե կրկնեն, նույն էլ կկատարվի այս իշխանությունների հետ».- հավելում է բանախոսը:

Հեղափոխությունից ոգևորված մարդկանց, ֆեյսբուքյան գրառումներում նրանց զոմբի անվանելուն հյուրը ևս անդրադարձավ. «Բնականաբար ադեկվատ չեն, նրանք հուզական, մեծ հույսով են ներշնչված, որ անքննադատ են շատ դեպքերում, բայց կամաց-կամաց պակասում են 5%, 10%-ով, իմ ֆեյսբուքյան ընկերներից էլ հաճախ քննադատում են, ասում, որ հիասթափված են, և բնականաբար պետք է գալ ադեկվատ գնահատականի: Ցանկացած հեղափոխության ժամանակ անընդհատ կարծիքը տատանվում է, նախկինը փնովում՝ զրոյի է հավասարեցնում, չնայած մոռանում ենք, որ քիչ թե շատ կարգին երկիր են ստեղծել, եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ, մենք վատ վիճակում չենք նրանցից:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, հստակ կերևա ներկան և իրական գնահատական կտրվի նախկին իշխանություններին»:

Քրիստինե Նանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930