Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Շելի Մքթոմասին և Կորնելիս Ռոզին: Համատեղ զրույցի ընթացքում նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը:
Հյուրերը նշել են, որ հետևելու են ընտրությունների ամբողջ ընթացքին՝ սկզբից մինչև վերջ: Այս պահին Հայաստանում աշխատում են երկարաժամկետ դիտորդները, սակայն ընտրությանը նախորդող օրերին ժամանելու է 250 հոգուց բաղկացած դիտորդական խումբը, որը բոլոր մարզերում, տարբեր ընտրատարածքներում և ընտրատեղամասերում, հետևելու է ընտրության ընթացքին:
Մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել դիտորդներին նրանց կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով դրա կարևորությունը: Նշել է, որ այսօրվա կառավարության խնդիրը օրինակելի, օրենքի տառին համապատասխան ընտրություններ անցկացնելն է: Մարզպետ Վահե Ղալումյանը տեղեկացրել է նաև, որ քանի որ ինքը նույնպես ԱԺ պատգամավորի թեկնածու է, առաջիկա օրերին արձակուրդի է գնալու:
Տավուշի մարզպետարան