Նոր կառավարության ձեւավորումից հետո տարբեր հայտարարություններ եղան Ռուսաստանից, բազմաթիվ մեկնաբանություններ, գնահատականներ են հնչել Հայաստան-Ռուսաստան ոչ այնքան հարթ հարաբերությունների մասին: Հիմա ի՞նչ վիճակում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ «Առավոտը» հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին:
Հաղթահարվե՞լ է բարդ շրջանը հայ-ռուսական հարաբերություններում՝ հարցրեցինք:
«Ձեր հարցը շատ հետաքրքրիր է այն առումով, որ այն ինչ կատարվում էր Հայաստանում՝ համեմատության մեջ էր դրվում գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել նախկինում այլ երկրներում: Կանխատեսելի էր, որ կարող էին հարցեր առաջանալ, թե որքանո՞վ է Հայաստանը մտադիր վերանայելու իր արտաքին քաղաքական ճարտարապետությունը: Ամենավստահելին, ամենահամոզիչն այս ամեն ինչում այն բնական, հստակ պատգամ էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շեշտադրել էր մեկ հստակ պատգամ, որ սա խիստ ներքաղաքական, ներհայաստանյան հարց է եւ մնում է այդպիսին: Ես հաճախ եմ բերում այս օրինակը, որ երբ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ դրսում արտահայտում էին իրենց դիրքորոշումը, իրենց առաջնորդում էր ՀՀ եռագույնը եւ ոչ մի այլ խորհրդանիշ», նշեց Զոհրաբ Մնացականյանը:
«Այս երկիրը ձեւավորել է մի մոդել՝ քաղաքական, քաղաքատնտեսական, որի հիմքում դրված է ժողովրդավարությունը, ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը: Այս հեղափոխությունը վերաբերում էր նրան, որ ժողովուրդը ուզում էր շատ ավելի արտահայտված, շատ ավելի ամուր, հստակ ժողովրդավարական համակարգ մեր երկրում: Այս մոդելն է, որին մենք ձգտում ենք 1991-ից ի վեր, սա է մեր ինստիտուցիոնալ զարգացման տրամաբանությունը, եւ դա ներքաղաքական հարց է եղել: Բայց մենք նաեւ պետք է համոզիչ լինեինք, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ չի ասում մի բան, բայց մտադիր է անել մեկ այլ բան: Երբ արտահայտեցինք մեր նպատակները կառավարության ծրագրում, մենք դա նկատի ունեինք: Բայց, թերեւս, պետք էր նաեւ ժամանակ, որպեսզի մեր գործընկերները հասկանային», հավելեց մեր զրուցակիցը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք՝ նոյեմբերի 20-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ