Նոյեմբերի 19-ին ժամը 18-ից մինչև 20:30-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները փակել էին Ռուբինյանց փողոցը, որի արդյունքում կաթվածահար էր եղել երթևեկությունը։
Քաղաքացիները պահանջում էին, որ փողոցում վերնանցում կառուցվի կամ լուսացույց տեղադրվի։
Համայնքի բնակիչների խոսքով, տարիներ շարունակ Ռուբինյանց 2 շենքի հարևանությամբ գտնվող փողոցում, լուսացույցի բացակայության պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով անցորդները ստացել են մարմնական վնասվածքներ, նույնիսկ գրանցվել են մահվան ելքով վրաերթի դեպքեր։
Բնակիչներից մեկը Aravot.am-ին հայտնեց, որ վրաերթի վերջին դեպքը տեղի է ունեցել 15 օր առաջ, որի արդյունքում՝ մայր և աղջիկ երաժշտական դպրոցից վերադառնալիս, ավտովթարի պատճառով ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ մեկ ամիս առաջ նույն անցումի վրա գրանցվել էր մահվան ելքով վրաերթ։
Նշենք, որ այս անցումից են օգտվում նաև Մ․ Մանուշյանի անվան N48 դպրոցի աշակերտներն ու Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները, և բնակիչների խոսքով՝ ուսուցչական կազմն ու ծնողները տարիներ շարունակ դիմել են պատկան մարմիններին՝ վերգետնյա անցում կառուցելու կամ լուսացույց տեղադրելու պահանջով։
Դեպքի վայրում էին նաև ոստիկանությունն ու կարմիր բերետավորները, որոնց հորդորով քաղաքացիները բացեցին փողոցը։
Սոնա Գևորգյան