Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Ուզում ենք ՀԲՖ-ի մասնակցությունը մեծացնել բռնցքամարտի համաշխարհային ընտանիքում»

Նոյեմբեր 19,2018 20:40

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համաժողովն ավելի շատ տեղեկատվական բնույթ է կրելու, քանի որ ԱԻԲԱ-ի համաժողովից հետո շատ նորություններ կան փոխանցելու մարզիչներին, մարզիկներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն նոր կանոններին, նոր կարգերին: Մեր խնդրանքով պարոն Գեւորգյանը դրանցից առանձնացրեց մի քանի էականները: «Քաշային կարգերում են փոփոխություններ եղել, գենդերային խնդիրներին է վերաբերմունքն ավելացել: Փորձում են աղջիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ավելի մեծացնել: Մասնավորապես, օլիմպիական խաղերում աղջիկների երկու քաշային կարգ ավելացել է, իսկ տղաներինը նույնքան պակասել: Այս ամենի եւ այլ նորությունների մասին ավելի մանրամասն կխոսեմ համաժողովում եւ դուք էլ կտեղեկանաք», – ասաց նա:

Հարցին, թե մտադրություն ուներ ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ ընտրվել՝ ինչո՞ւ չստացվեց, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Դրա մասին հարկ կլինի երկար պատմել: Բայց դրա փոխարեն մեր հավաքականի գլխավոր մարզիչը, որ ԱԻԲԱ-ի մարզչական հանձնաժողովի անդամ է, իր տեղը պահպանեց: Մենք ուզում ենք մեր մասնակցությունն ԱԻԲԱ-ի մեծ ընտանիքին ավելի մեծացնել՝ ընդգրկվենք բժշկական, մրցավարական, այլ հանձնաժողովներ: Դա միջոց է, որպեսզի մենք ինֆորմացիայի տեսանկյունից ավելի տեղեկացված լինենք, որպեսզի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ավելի լայն մասնակցություն ունենա համաշխարհային բռնցքամարտի քաղաքականության մշակման եւ որոշումներ կայացնելու գործընթացին:

Այսօր ուզում էինք հասցնել հաստատել նախաօլիմպիական եւ 2020 թվականի օլիմպիական տարում հավաքականների մարզիչների կազմը, բայց այդ մասին ես լրատվամիջոցներին տեղյակ կպահեմ հայտարարությամբ, երբ գործադիր մարմնով կհավաքվենք, որոշում կկայացնենք, մարզչական խորհուրդը կտա իր եզրակացությունը»:

Դա իր որդեգրած ռոտացիա՞ն է՝ հարցին, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Ռոտացիա անում ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել մեր ուզած մարզչին: Իսկ երբ մարզիչը լավ է աշխատում, դրա անհրաժեշտությունը չի լինում, մինչեւ նա սկսի թերանալ: Այս տարի մարզիչների աշխատանքից բավականին գոհ ենք: Գիտեք, որ այս մրցաշրջանը մեծահասակների համար պասիվ էր եւ բացը լրացրեցինք միջազգային մրցաշարերի մասնակցելով, որտեղ ունեցել ենք լավ արդյունքներ: Բայց ես դրանք նվաճում չեմ համարում, քանի որ դրանք, այնուամենայնիվ, Եվրոպայի, աշխարհի առաջնություն չեն: Տղաներն իրենք իրենց են փորձել: 2018 թվականը 2019 եւ օլիմպիական տարիների նախապատրաստական փուլ է եղել: Ինչ վերաբերում է պատանիներին ու երիտասարդներին, բավականին լավ թիմեր ունենք: Այն մարզիչները, որոնց վստահել ենք, իրենց արդարացրել են»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այն բռնցքամարտիկներին, որոնք չմասնակցեցին Հայաստանի առաջնությանը: «Նրանց մեջ կան բավականին հաջող բռնցքամարտիկներ, որոնցից մեկ-երկուսը համապատասխանում են հավաքականին: Այդ բռնցքամարտիկները մեծ սխալ գործեցին: Բռնցքամարտիկները չպետք է ինտրիգների մեջ լինեն: Նրանց գործը մարզվելն է, մրցումների մասնակցելը, հաղթելը, իրենց ուժն ապացուցելը: Դա նրանց աշխատանքն է, ինչպես ասում են, նրանց հաց ու ջուրն է: Իսկ մարզիչը չպետք է իր սանին ներքաշի այլ խաղերի մեջ: Պետությունը մարզիկի վրա գումար է ծախսում ու մարզիկը պարտք է պետությանը: Նա անկախ չէ, նա պարտավոր է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Երկիրը նրա վրա ծախս է անում, որ նա ներկայացնի հենց երկիրը:

Ինչ վերաբերում է այդ բռնցքամարտիկների հետագա մարզական ճակատագրին, ֆեդերացիայի դռները բոլորի համար միշտ բաց են: Նրանք պիտի հաջորդ տարվա վերջին մասնակցեն Հայաստանի առաջնությանը, հաջողություն արձանագրեն, ընդգրկվեն հավաքական ու դուրս գան միջազգային ռինգ: Բայց ովքեր այս տարի հաղթել են, հավաքականում իրենց տեղը հաստատել, մենք ոչ մի իրավունք չունենք նրանց տեղը հավաքականում կասկածի տակ դնել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930