Լոռու մարզի Փամբակ համայնքի դպրոցի տնօրենն անհանգստացած է: Դպրոցն ու համայնքը գտնվում են Մ 6 միջպետական ճանապարհին՝ հակառակ մայթերում: Դպրոց գնալու համար երեխաները վախով են անցնում ճանապարհը: Շատ հաճախ էլ դպրոցի տնօրենն է ուղեկցում. «Ճանապարհը վերանորոգվելուց հետո ավելի հարթ է, եւ մեքենաներն ավելի արագ են գալիս: Անցումներին ու նշաններին ուշադրություն չեն դարձնում: Եվ երեխաների անցնելու ժամանակ խնդիրներ են առաջանում: Ես առավոտները հաճախակի կանգնում եմ անցումների մոտ եւ աշակերտներին անց եմ կացնում մի մայթից՝ մյուսը: Գյուղը գտնվում է ճանապարհի ձախ, իսկ դպրոցը՝ աջ հատվածում»,- ասում է տնօրեն Ալբերտ Ուլիխանյանը:
Տնօրենը հարցը բարձրացրել է նաեւ Լոռու մարզպետի մոտ: Առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը. «Խնդրանքս կայանում է նրանում, որ ճանապարհային ոստիկանությունը առավոտյան 8:30-ից մինչեւ 9:00-ն եւ 14:30-ից մինչեւ 15:30 հերթապահություն իրականացնի, եւ երեխաների անվտանգությունն ապահովեն»:
Տնօրենի խոսքով՝ դպրոցում արտագաղթն է մեծացել, պատճառներից մեկն էլ մարզադահլիճի բացակայությունն է. «Դպրոցում մարզադահլիճ չունենք: Նույնիսկ ազատ սենյակներ չունենք, որպեսզի կարողանանք օգտվել «Տաք սնունդ» ծրագրից: Ամեն պոտենցիալը կա, մենակ սենյակի բացակայությունն է, որ չենք կարողանում կազմակերպենք այդ գործընթացը: Դպրոցի աշակերտների քիչ լինելու պատճառով ֆինանսավորումը քիչ է ստացվում եւ դպրոցն ինքնուրույն չի կարող կազմակերպել այդ ծախսերը: Շատ լավ կլինի, նաեւ որ մարզադահլիճ ունենաք: Շատ հաճախ այդ պատճառով գյուղից բնակիչները տեղափոխվում են Վանաձոր»:
Այս պահին դպրոցում կրթություն է ստանում 31 աշակերտ:
Լուսանկարը՝ Ալբերտ Ուլիխանյանի ֆեյսբուքյան էջի
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ