ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հարցազրույցը Aravot.am-ին
–Պարոն Ռոստոմյան, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված աղմուկը կարծես թե դեռ չի հանդարտվում: Մարզաշխարհի ներկայացուցիչների կողմից հնչում են մեղադրանքներ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն էլ հակադարձում է փոխադարձ մեղադրանքներով: Կարող եք մանրամասնել, թե գործընթացն այժմ ինչ փուլում է գտնվում և ի վերջո ինչպես է այս հարցը հանգուցալուծվելու:
-Տարբեր առիթներով արդեն իսկ ասել եմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես փորձել է զերծ մնալ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից, մինչև այն պահը, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես օլիմպիական շարժումը համակարգող և կարգավորող ներազգային կառույց (ՄՕԿ-ի Օլիմիական խարտիայի ուժով)՝ տեսնում է դրա ծայրահեղ անհրաժեշտությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի դեպքում իրավիճակն արդեն իսկ այդպիսին է: Այս պահից սկսած ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ սկսում է քննարկումներ՝ բռնցքամարտի ապագայի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով: Հարցի կարգավորման աշխատանքները ընթանալու են երկու ուղղությամբ՝ հետ կանչել ԱԻԲԱ-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար տրված ՀԱՕԿ երաշխավորությունը և ԱԻԲԱ-ին առաջարկել կազմակերպել (ԱԻԲԱ-ի ներկայացուցչի մասնակցությամբ) Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր արտահերթ ընտրություններ՝ այս անգամ արդեն ԱԻԲԱ-ի կանոնակարգի բոլոր կանոնների պահպանմամբ և կանոնակարգի տառին համապատասխան: Կարծում եմ, սա միակ օպտիմալ լուծումն է այս փուլում:
–Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վերջին շրջանում ՀԱՕԿ–ի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, մասնավորապես այն մասին, որ այս գործընթացը կոնկրետ ուղղորդվում է ՀԱՕԿ–ի կողմից և անձամբ իր դեմ է ուղղված: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Գիտեք, ցանկացած մարդ կարող է ցանկացած հայտարարություն անել, դա սահմանադրությամբ ամրագրված իր խոսքի ազատության, կարծիքի արտահայտման իրավունքն է: Այլ բան է, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը: Այս դեպքում՝ այդ հայտարարությունը իրականության հետ որևէ կապ չունի: Կոնկրետ Արթուր Գևորգյանի գործունեության հետ կապված մտահոգությունները բարձրաձայնել են հենց Հայաստանի բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները, մեր անվանի մարզիկներն ու մարզիչները և ՀԱՕԿ-ը, բնականաբար չէր կարող անտեսել այդ հայտարարությունները, ինչ մարզաձևի մասին էլ, որ դրանք լինեին: Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանի մեղադրանքներին, թե դա իր դեմ է ուղղված, պետք է հիասթափեցնեմ վերջինիս: ՀԱՕԿ-ի համար անձերի գործոնը երբեք էլ կարևոր չի եղել: Խնդիրն այստեղ աշխատանքի արդյունավետության մեջ է, արդյունքների մեջ է, և որ այս կամ այն ֆեդերացիայի նախագահը ընդունված լինի իր մարզաձևի ներկայացուցիչների կողմից և ներկայացնի ու պաշտպանի նրանց շահերը, այլ ոչ թե առանձին, հատվածական, ընտրովի վերաբերմունք դրսևորի առանձին մարզիկների կամ մարզիչների նկատմամբ:
–Արթուր Գևորգյանի հերթական մեղադրանքն այն մասին է, որ ՀԱՕԿ–ը զոռբայությամբ փորձում է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն անցկացնել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Անկեղծ ասած ինձ զարմացնում է մարդկանց հիշողության կորստի որոշակի դրսևորումները, որոնք ի հայտ են գալիս պատեհ պահերին: Ոչ վաղ անցյալում, ընդամենը 6-7 ամիս առաջ, օգտագործելով Վլադիմիր Գասպարյանի փեսա լինելու հանգամանքը, նույն Արթուր Գևորգյանն ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում անում էր այն, ինչ ցանկանում էր: Ֆեդերացիայի անդամ մարզիկներն ու մարզիչներն էլ ստեղծված վախի մթնոլորտի պայմաններում չէին կարողանում արտահայտել իրենց վրդովմունքը: Բայց քանի որ այժմ երկրում իրավիճակ է փոխվել, բնական է, որ նրանք բարձրաձայնում են իրենց բողոքի ձայնը: Այս ամեն ինչը չափազանց ցայտուն է արտահայտված, քանի որ դաշտում բոլորը մեկը մյուսին հիանալի ճանաչում են, հիշում են նախկինում ու հիմա արված բոլոր հայտարարություններն ու դրանց արմատական տարբերությունները: Հորդորս մեկն է՝ ի տարբերություն ոմանց, մենք հիանալի հիշողություն ունենք:
–Պարոն Ռոստոմյան, բռնցքամարտի ֆեդերացիայի որոշ ներկայացուցիչներ, իրենց բողոքը հիմնավորում են նաև այն փաստով, որ վերջին շրջանում բռնցքամարտի ոլորտը Հայաստանում անկում է ապրում, փոխարենը Արթուր Գևորգյանը հակադարձում է, թե ընդհակառակը ծաղկում է ապրում: Հիմա ի վերջո՝ ծաղկում, թե անկում է ապրում այս մարզաձևը մեր երկրում:
-Ես երկու կողմերի հայտարարություններին էլ քաջածանոթ եմ: Անձնական գնահատականներ չեմ տա, այստեղ պետք է խոսել բացառապես թվերի լեզվով: Արթուր Գևորգյանի նախագահության օրոք մեր հավաքականը աշխարհի և Եվրոպայի առաջնություններից նվաճել է ընդամենը 36 մեդալ, որից 4 ոսկե, իսկ նախկինում դրանց քանակն անհամեմատ մեծ եղել՝ 91 մեդալ, որից 14 ոսկե: Պատանեկան ու մանկապատանեկան բռնցքամարտում տիրող վիճակն ընդհանրապես անմխիթար է և կարող եմ ասել, որ այստեղ վտանգված է մեր բռնցքամարտի ապագան: Ես անգամ համեմատություն չեմ անցկացնում օլիմպիական մյուս հենակետային ֆեդերացիաների արդյունքների հետ, որովհետև համեմատության եզրեր անգամ չկան: Մյուս մարզաձևերում մեր հավաքականների նվաճած մեդալների քանակը մի քանի անգամ է գերազանցում բռնցքամարտի հավաքականի արձանագրած արդյունքներին: 2009-ից 2013 թվականները, երբ բռնցքամարտի ֆեդերացիան նախագահում էր Արմեն Մուրադյանը, ներդրվել է շուրջ 3 միլիոն դոլար, ՀՀ-ում բռնցքամարտի աշխարհի 2 առաջնություն է կազմակերպվել և բարձր մակարդակով անցկացվել, իսկ ինչ է արվել Արթուր Գևորգյանի նախագահության օրոք, անգամ մեկ ընկերական հանդիպում չի անցկացվել: Նախկին նախագահի օրոք յուրաքանչյուր ամիս շուրջ 20 միլիոն դրամ է հատկացվել մարզիկներին և մարզիչներին մարզական թոշակներ հատկացնելու նպատակով, իսկ այժմ նույն մարզիկները թող իրենք ասեն, թե իրենց որևէ գումար հատկացվում է թե ոչ: Կարծում եմ հետևություններ ու դատողություններ ինքներդ կարող եք անել:
–Ամփոփելով մեր հարցազրույցը կուզենամ, որ անդրադառնաք նաև Արթուր Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ այս գործընթացը սկսել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է ՀԱՕԿ նախագահ դառնալու մտադրության մասին: Արդյոք դա այսպես է:
-Ծանոթ եմ այդ հայտարարությանը և անկեղծ ասած ինձ համար չափազանց անլուրջ և անգամ զվարճալի էր դա լսել: Ինչպես կարող է մի մարդ, ով անգամ մեկ առանձին մարզաձևի ֆեդերացիայի աշխատանքները չի կարողանում կանոնակարգել, չի կարողանում ֆեդերացիայում նորմալ մթնոլորտ ապահովել մարզիկների և մարզիչների համար, չի կարողանում ըստ արժանվույն գնահատել և վարձատրել արդյունքներ ցուցաբերած մարզիկներին ու մարզիչներին՝ հայտ ներկայացնի ամբողջ մարզաշխարհը ղեկավարելու համար: Ես ուրախ եմ, իհարկե, նման բարձր ինքնագնահատական ունենալու համար, բայց այստեղ գնահատական տվողը պետք է մարզաշխարհը լինի, իսկ այդ գնահատականին մենք արդեն ծանոթ ենք, դրա խոսուն վկայությունը մարզիկների ու մարզիչների բողոքի ակցիաներն են, Արթուր Գևորգյանի գործունեության հետ կապված բազմաթիվ դժգոհություններն են, որոնց ականջալուր լինելու, ֆեդերացիայում նորմալ աշխատանք իրականացնելու փոխարեն Արթուր Գևորգյանը նախընտրել է անիրական թշնամիներ փնտրելու և անտեսանելի ստվերների դեմ պայքարելու անպտուղ գործելաոճը: