Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ: Մարզպետարանում Փաշինյանը հանդիպել է համայնքապետերի հետ: Այս հանդիպման ժամանակ դահլիճից հարց հնչեց Սեւան ազգային պարկի մասին: Փաշինյանն ի պատասխան հարցի ասաց, որ ազգային պարկի տնօրենին հրավիրել է եւ հետաքրքրվել Սեւանա լճի տարածքում վարձակալված տարածքների վարձավճարների մասին. «Եվ պարզվել է այնտեղ խայտառակ իրավիճակ է: Օրինակ՝ կան տարածքներ, որտեղ հեկտարներով տարածքներ են եւ միզեր վարձավճարներ են: Եվ կան փոքր տարածքներ, որոնց վրա այնպիսի վարձեր են, որ հեկտարներով տարածքների է հետ համեմատելի: Կոռուպցիոն եղանակով գողացված էդ հողերը պետք է վերադարձվեն ազգային պարկին: Բայց ոչ թե մենք պետք է հին կառավարության բաժանածը վերադարձնենք, մենք էլ մեր մեջ բաժանենք: Դա պետք է իսկականից վերածվի հանրային տարածքի»:
Փաշինյանի խոսքերով՝ Սեւանն այսօր թիվ մեկ տուրիստական ուղղությունն է. «Բայց եկեք նայեք նրա շուրջն ինչ է կատարվում, խայտառակ իրավիճակ, որ մենք այնտեղ ռեալ զարգացման ծրագրեր չենք կարողանում իրականացնել: Ռազմավարություն կա, բայց հնարավորություն չի լինում իրականացնելու, որովհետեւ այդ չափառած տարածքները պատկանում են այսպես կոչված՝ մեծ անուններով մարդկանց: Եվ մենք պետք է այդ հողատարածքներն, այո, հետ վերցնենք: Նրանց մի մասը պետք է ուղղակի հասկանա ու կամավոր վերադարձնի Սեւան ազգային պարկին: Նրանք, ովքեր չեն անի, չեն հասկանա, որովհետեւ այնտեղ տարածքով քայլում ես, մեկ էլ տեսնում ես ցանկապատ: Հարցնում եմ՝ էս ի՞նչ ցանկապատա, ասում են՝ էս ինչինն ա, էն ինչինն ա: Մենք պետք է Սեւանա լճի շուրջ ափամերձ տարածքների կարգավիճակը համապատասխանեցնենք օրենքով սահմանված չափանիշներին: Բայց մյուս կողմից մենք չպետք է այնտեղ պատշաճ ներդրումներ արած, որոշակի գործունեություն ծավալած մարդկանց շահերը չոտնահարենք: Այսինքն՝ պետք է երկխոսության ճանապարհով գանք հավասարակշռված վիճակի, որպեսզի ե՛ւ մասնավոր ներդրողի շահերը չոտնահարվեն, ե՛ւ հանրության, ե՛ւ Սեւանի բնապահպանական հավասարակշռության շահերը պաշտպանվեն»:
Փաշինյանն ասաց, որ իր ընկալմամբ Սեւանի հարցը Ղարաբաղի հարցի նման հարց է. «Սեւանը մեզ համար այնպիսի հսկայական ռազմավարական արժեք ու նշանակություն ունի, որ ցանկացած ոչ պատշաճ վերաբերմունք չի կարելի թույլ տալ: Ես հույս ունեմ, որ ազգային պարկի տնօրենն իմ հանձնարարականը կատարել է, համենայնդեպս, դրանից հետո հաշվետվություն պահանջելու առիթ չեմ ունեցել: Առաջիկայում այդ առիթը կլինի, եւ բոլոր պայմանագրերը կբերվեն պատշաճ մակարդակի: Էդ 50 դրամանոց պայմանագրերը …էդ գումարները ձեզանից են գողանում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ