Բելառուսն ու Ադրբեջանը պայմանագիր են նախապատրաստում բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում Բելառուսի պետական ռազմա-արդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր հակաօդային պաշտպանության զինվորական տեխնիկայի մատակարարման ոլորտում փոխշահավետ երկկողմանի համագործակցության զարգացման մասին:
«Ամենակարճ ժամանակահատվածում այն կվերածվի պայմանագրի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է այդ ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, քանի որ վերջինիս արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ: «Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն արդեն ունի լավ պատմություն, բավականին լայն ծավալներ և ընդարձակման լավ միտում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ