Նոյեմբերի 19-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Ինչպե՞ս ազատել ուսանողական կառույցները քաղաքական վերահսկողությունից» թեմայով։
Հանդիպման բանախոսներն էին «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։
Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ համալսարանները քաղաքական վերահսկողության տակ են և դրանցում շարունակում են գործել ԽՍՀՄ-ից ժառանգված համակարգերը։
«Ուսանողական խորհուրդների գործունեությունը համակարգվում է ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից, և մենք բազմիցս նշել ենք, որ այս մարմինը հանրապետականացված է։ Այս մարմնի գործունեության արդյունքում է, որ համալսարանում ուսանողությունը ճնշվել է, և պատահական չէ, որ այդ նույն բաժնի տնօրենը այժմ ՀՀԿ թեկնածու է։ Այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցականացվածությունը եկել է հենց այդ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից»։
Ըստ Պետրոսյանի, համալսարաններում խեղաթյուրված բարքերը դարձել են ավանդույթ և գոյություն ունի վախի մթնոլորտ։
«Համալսարաններում ձևավորվել են տարբեր մարմիններ, որոնք փորձում են համալսարանը պահել իրենց ազդեցության տակ․ ուսանողական ձայնը կարող է համալսարաններում ճնշվել դեկանատի կամ ավագների խորհրդի ձևավորած իշխանության միջոցով»։
Իր հերթին Յուրի Ավագյանը նշեց, որ ուսանողական խորհուրդը օգտագործելով իր ունեցած վարչական ռեսուրսը, փորձել է խոչընդոտել իրենց կողմից իրականացվող ստորագրահավաքի գործընթացը։
«Առաջին օրը, երբ խոչընդոտումներ չկային, ուսանողությունը լսում և հասկանում էր խնդիրները, որոնք առաջ էին քաշվում, բայց հետագայում երբ սկսեցին ստորագրահավաքներ իրականացնել միտումնավոր կերպով, ՈՒԽ-ն օգտագործեց իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսները և փորձեց խոչընդոտել։ Օրինակ, երբ մտնում էինք լսարաններ, դեկանատներից կամ ՈՒԽ անդամներից որևիցե մեկը գալիս ասում էր, որ դասը խանգարում ենք, բայց այդ պնդումներից հետո ստորագրահավաք էր անցկացվում նույն դեկանատների աջակցությամբ»։
Ավագյանի խոսքով ՈՒԽ-ն հայտարարել է, որ լեգիտիմ կառույց է, բայց այնուամենայնիվ ստորագրահավաքներ է անցկացնում իր լեգիտիմությունը ապացուցելու համար։
«Եթե ՈՒԽ-ն իրեն համարում է ընտրված, լեգիտիմ կառույց, ապա ո՞րն է ստորագրահավաք անցկացնելու նպատակը։ Միայն այն, որ իրենք ստորագրահավաք են անցկացնում, արդեն մտահոգիչ է և իրենք էլ են հասկանում, որ գուցե ուսանողների կողմից աջակցություն չկա»։
Յուրի Ավագյանը նշեց նաև, որ Քոչարյանին սատարող և կիսահանրապետական ֆեյքերը ակտիվորեն հավանում են (like-ում) ՈՒԽ-ի պաշտոնական էջի գրառումները։
Նրա խոսքով հաճախ տեղի ունեցած իրադարձությունների մասին հանրությունը ամբողջական տեղեկատվություն չի ստանում։
«Բախումների ընթացքում լինում են դեպքեր, երբ սադրում են և մեզնից շատերը կարող են տրվել այդ սադրանքներին։ Այս ամենը նկարահանվում է և ոչ ամբողջական կերպով ներկայացվում հանրությանը։ Շատ մեծ դերակատարում ունեն նաև լրատվամիջոցները․ այն լրատվականները, որոնք հայտնի են հանրապետական կուսակցության շահերը ներկայացնելով, ակտիվորեն աշխատում են ՈՒԽ-ի «բարձրացման» համար, իսկ այն լրատվականները, որոնք չեզոք են՝ անմասն են մնում այս պրոցեսներից»։
ԿԳ նախարարի խորհրդականը նշեց, որ կառավարման համակարգը բուհերում՝ մասնավորապես ԵՊՀ-ում, եղել է միահեծան և դրանում բացակայում է մասնակցային կառավարման մշակույթը։
«Խնդիրը ծագել է նրանից, որ դասախոսներն ու ուսանողները օտարված են եղել որոշումների կայացման գործընթացից։ Ֆորմալ առումով եղել է ներկայացվածություն կառավարման տարբեր օղակներում, բայց քանի որ բովանդակային առումով ֆակուլտետներում, ամբիոններում, ուսանողական, գիտական կառույցներում այդ մթնոլորտը չի եղել, և մարդիկ իրենց իրական գործունեության շրջանակներում որևէ որոշման չեն մասնակցել, հետևապես չեն տիրապետել իրական օրակարգին, և իրենց մասնակցությունը եղել է ֆորմալ»։
Ըստ Կարաբեկյանի՝ մինչ Թավշյա հեղափոխությունը, կային առանձին խմբեր, որոնք բարձրաձայնում էին վերոնշյալ հարցերը և նրանց մի մասը ենթարկվել է տարբեր տեսակի մեկուսացումների, ճնշումների, երբեմն ուղիղ հալածանքների, ստիպված են եղել թողնել համալսարանը կամ ուղղակի հեռացվել։
«Համալսարանը առողջացնելու միտումներ միշտ էլ եղել, բայց դրանց զուգահեռ նաև դիմադրություն է եղել։ Դրա վառ դրսևորումներից մեկը «Ռեստարտն» է, որը համակրանքի արժանացավ համալսարանի թե՛ դասախոսական կազմի և թե՛ ուսանողության այն շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են այս փոփոխությունները կատարելու»։
Կարաբեկյանն ասաց, որ կարեկցում է ՈՒԽ անդամներին, քանի որ նրանք դեռևս չեն ձերբազատվել այն վերահսկողությունից, որը թույլ կտար իրենց ազատ միջավայրում քննարկումներ իրականացել «Ռեստարտ» նախաձեռնության կամ այլ ուսանողական խմբերի հետ։
«Այս իրավիճակը պետք է ունենա վարչական լուծում․ շատ երկրներում կան ուսանողական օմբուդսմեններ, և համալսարանները իրենք են շահագրգռված ձևավորել ինստիտուտներ, որոնց միջոցով ուսանողները կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ