Լրահոս
Օրվա լրահոսը

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել

Նոյեմբեր 19,2018 18:40

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության հետ, որը նոյեմբերի 17-ից քաղաքապետի հրավերով գտնվում է Երևանում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրվելիք գործողությունների ծրագիրը կդառնա աշխատանքային ուղեցույց՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Երևանի քաղաքապետը կարևորել է Իլ դը Ֆրանսի առաջադեմ փորձը մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում և նշել, որ համագործակցության շրջանակում հնարավոր կդառնա հաջողված փորձը կիրառել նաև Երևանում:

«Տիկին Պեկրես, ստորագրվող գործողությունների ծրագրում ընդգրկված են Երևանի համար անչափ կարևոր երկու ոլորտներ, մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման մասին է խոսքը, որոնց բարելավման ուղղությամբ մենք պետք է համալիր մոտեցում ցուցաբերենք: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդեն առաջիկայում կկարողանանք կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Հայկ Մարությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսն իր հերթին ընդգծել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար: Նա վստահեցրել է, որ իր հերթին կանի հնարավոր ամեն ինչ՝ նախատեսված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու համար:

«Պարոն քաղաքապետ, դուք հեղափոխություն իրականացրեցիք քաղաքական դաշտում, մենք այսօր հեղափոխություն ենք իրականացնում տրանսպորտի համակարգի բարելավման ուղղությամբ: Համոզված եղեք, որ համատեղ աշխատանքով արդյունավետ լուծումներ կգտնենք մեր բնակիչների համար»,- նշել է Վալերի Պեկրեսը:

Ճանապարհային քարտեզի ստորագրում՝ Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև

Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. համար ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Հայկ Մարությանը և Վալերի Պեկրեսը:

Մասնավորապես, ըստ փաստաթղթի, փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման ոլորտում ընթացակարգերի և կարգավորող գործիքների  հմտությունների փոխանակման, ինչպես նաև երկու համայնքների ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության ու մի շարք այլ բնագավառներում:

Ստորագրման արարողությունից հետո իր ունեցած ելույթում Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ ստորագրված գործողությունների ծրագրի շնորհիվ համատեղ ուժերով նոր որակ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը:

«Մեծապես կարևորելով մեր բարեկամական հարաբերությունները՝ ևս մեկ անգամ վերահաստատում եմ Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը: Պետք է արձանագրեմ, որ մեր հարաբերություններում առկա բարձր մակարդակին հնարավոր է եղել հասնել նաև Ֆրանսիայում մեր համայնքի անգնահատելի նվիրման շնորհիվ: Համոզված եղեք, որ մենք միշտ պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել ու խորացնել երկու քաղաքների միջև հաստատված կապերը»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն իր խոսքում գոհունակությամբ փաստել է, որ շուրջ քսան տարի առաջ Երևան կատարած իր առաջին այցից հետո զգալի փոփոխություններ է նկատում Հայաստանի մայրաքաղաքում:

«Ակնհայտ է, որ 28 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, առավել ևս վերջին մի քանի ամսում: Այդ իսկ պատճառով առավել քան խորհրդանշական եմ համարում այսօրվա ճանապարհային քարտեզի ստորագրումը: Պարոն քաղաքապետ, Դուք, իհարկե, ունեք հստակ տեսլական ձեր մայրաքաղաքի համար, և արդեն իսկ տեղեկացել եմ, որ առաջնահերթ խնդիրներից են տրանսպորտի և աղբահանության ոլորտների բարելավումը: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում այդ երկու թեմաները, և համոզված եմ, որ կգտնենք արդյունավետ լուծումներ:  Երևանն իսկույն արձագանքեց նաև երկու համայնքների ստարտափների ինկուբատորին միանալու առաջարկին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Այն շատ մեծ ցանց է և հնարավորություն է տալիս մուտք գործելու համաշխարհային մակարդակի զանազան շուկաներ»,- նշել է Վալերի Պեկրեսն ու առանձնակի կարևորել համագործակցության խորացումը նաև մշակույթի ոլորտում:

Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930