Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն այսօր կառավարության արտահերթ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, եկամուտների հարկման վերաբերյալ, ասաց, որ «խոպանչիների եկամուտների հարկման» վերաբերյալ նախ որեւէ նախագիծ չկա. «Տենց բան գոյություն չունի ընդհանրապես: Կա այսպիսի գաղափար, որը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին է խոսքը: Մենք մտադրություն ունենք 18-65 տարեկան անձանց համար տարեկան հայտարարագիր պատրաստելու: Հարց է հնչել, որ արդյոք դրսից եկող տրանսֆերտները եւս պետք է հարկվեն, մենք ասել ենք, որ հանրային քննարկումների արդյունքում նման որոշում չունենք կայացված: Բայց, այդպիսի քննարկումների արդյունքում, եթե որոշվի, որ դա եկամուտ է, այդ եկամուտն, այո,կարող է ներառվել հայտարարագրում, բայց հայտարարագրում ներառվելը դեռեւս չի նշանակում, որ դա պետք է հարկվի: Եթե Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում, եկամուտն արդեն հարկվել է, միեւնույն հարկատեսակով հարկելու որեւէ նպատակ մենք չենք հետապնդում»:
Դավիթ Անանյանի խոսքով, սոցիալական ցանցերում այդպիսի քննարկումները հիմնավոր չեն, քանի որ հնարավոր է, որ այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի. «Ամենակարեւորը հետեւյալն է, առանց հանրային քննարկման, որեւէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»:
Դավիթ Անանյանի խոսքով, նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք համատեքստից դուրս վերցրած, կարող է մեկնաբանվել եւ այդ մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ.«Կառավարությունում, որեւէ կոնկրետ նախագիծ դեռեւս չկա»: Ըստ ՊԵԿ ղեկավարի, պետք է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը կայացնենք եւ այս 27 տարի է հետաձգում ենք, ասելով, որ երկիրը դեռ պատրաստ չէ դրան անցնելու: Հարցին՝ հիմա պատրա՞ստ է, Դավիթ Անանյանն ասաց՝ այո պատրաստ է:
Այն հարցին, եթե Ռուսաստանում 13 տոկոս արդեն հարկվում է, այստեղ էլ ասելու եք՝ բերեք այն 10 տոկո՞սը վճարեք, քանի որ մեզ մոտ 23 տոկոս է եկամտահարկը, պարոն Անանյանը պատասխանեց. «Այդ անձը, որը որ 13 տոկոսով հարկվող եկամուտ է ստանում Ռուսաստանում, եկամտային հարկի իմաստով լինելով ռեզիդենտ, ինքն այսօր էլ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունի: Հիմա մենք խոսում ենք նրա մասին, որ տարիներ շարունակ հարկերը չենք վճարել, հիմա ինչի՞ պետք է վճարենք»:
Հարցին, թե դա տրանսֆերտներ է, ինչո՞ւ պետք է հարկվի, Դավիթ Անանյանը պարզաբանեց՝ անձը, որը եկամուտ է ստանում դրսում եւ այն ուղարկում է իր ընտանիքին, որպեսզի սպառի, մենք սպառումը չենք հարկելու ճիշտ հասկացեք: Ըստ ՊԵԿ ղեկավարի՝ եթե ինքը հայաստանյան օրենսդրության համաձայն եկամտային հարկի առումով չի հանդիսանա այստեղի ռեզիդենտ ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, էլ չի հարկվի Հայաստանում եկամտահարկով. «Մենք ուզում ենք այնպիսի օպտիմիզացիա անենք, որ մարդիկ տարիներ շարունակ չվճարածը հիմա սկսեն վճարել: Օրենքի պահանջը ուղղակի չեն կատարել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է պարզաբանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ. «Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:
Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:
այս մէկն ալ այն նիւթերէն մէկն է, որու կապակցութեամբ Փաշինյանի համակիրներու քննադատութիւնը ինքնահակասութիւն կը հանդիսանայ
որովհետեւ այստեղ, եւ նոյնանման նիւթերու մէջ, չկայ Փաշինեանի կողմէ խոստումի դրժում
մարդը առաջին օրէն յայտնեց, եւ անկէ ետք շարունակաբար կրկնեց՝ ինք նորմալ երկիր կ’ուզէ կառուցել
այս մասնայատուկ նիւթի կապակցութեամբ, որեւէ նորմալ երկրի մէջ, որեւէ եկամուտ ունի հարկային հետեւանքներ. ներառեալ ուրեմն դրամական նուէրները.
հաւաքուած հարկերն ալ կը ծառայեն ընդհանուր հանրութեան, կարիքներու առաջնահերթական կարգով – իսկ այդ ուղղութեամբ դեռ էական խախտում չկայ, նոր վարչակարգի կողմէ –
ո՞ւր է ուրեմն խնդիրը
եթէ ոմանք Փաշինյանը շփոթեցին Robin Hood-ին հետ, դա իրենց խնդիրն է