«Ընտրություններն այլ են ՀՀԿ-ի հետ եւ այլ՝ առանց ՀՀԿ-ի: Մասնակցության որոշման մեջ ավելի շատ պետական շահն է գերակշռել, քան կուսակցականը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը, ասաց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը: Նրա գնահատմամբ՝ սահուն իշխանափոխությունից հետո տեղի ունեցած զարգացումները նոր իշխանությունների կողմից խնդիրների հանգեցրին, ուստի ՀՀԿ-ի կայացած քաղաքական գործիչների չմասնակցելն ընտրություններին ճիշտ չէր լինի:
«Փոփոխությունները պետք է երաշխավորված լինեն, ոչ թե վտանգված: Չենք թաքցնում՝ չմասնակցելու եւ դադար վերցնելու մասին կարծիքներ էլ են եղել, բայց գերակշռեց կարծիքը, որ պետք է մասնակցել: Գուցե շատ հարցերում մեզ չի հաջողվել լիարժեք ապահովել հանրության կարիքները, որոշակի դժգոհություն կա: Այս ամենը մեր սխալների եւ դրանց հիման վրա արված եզրակացությունների համակարգ է, որը հնչելու է խորհրդարանում»,-վստահեցրեց Արտակ Զաքարյանը:
ՀՀԿ պատգամավորի մեկ այլ թեկնածու Արտակ Դավթյանն էլ նկատեց՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը վերածվել է «սեւ» եւ «սպիտակ» տարանջատման. «Անձամբ ես չեմ իջնելու բաժանարար գծերի մակարդակին»:
Արտակ Դավթյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը կստանա ձայների գերակշիռ մասը. «Այս ընթացքում ապացուցվել է, որ ՀՀԿ-ն կլինի այն քաղաքական ուժը, որ թույլ չի տա, որպեսզի ՔՊ-ի ծրագրից շեղումներ լինեն: Եթե ընտրողների մեծ մասը համաձայնություն է տալիս նրանց նախընտրական ծրագրին, մեր անելիքը պետք է լինի այն, որ ծրագրի նպատակային կետերն իրականացվեն, այսինքն՝ իրենց խոսքը գործ դառնա: Եթե նրանք հաջողեն, շահողը լինելու է ՀՀ քաղաքացին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2171825129707414/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ