«Հայրենական արտադրողների միություն» ՀԿ նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսության ոլորտին վերաբերող օրինագծերով կառավարությունն ինչպես նախկինում՝ ավելի ակտիվ կլինի, քան խորհրդարանը:
«Հաշվի առնելով, որ առաջիկա ընտրություններում կուսակցությունների ցուցակներում տնտեսագետները շատ սակավաթիվ են, ապա կարելի է ենթադրել, որ օրենսդրական նախաձեռնությունը հիմնականում բխելու է գործադիր իշխանությունից: Ազգային ժողովն ավելի շատ կընդունի կառավարության առաջարկած տնտեսական օրինագծերի քաղաքական որոշումներ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ արդյունաբերության ոլորտում լուրջ ներդրումային միջավայր ստեղծելու համար օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ, եւ ներդրումային միջավայրի փոփոխության մասին կարգախոսները միայն բավարար չեն արտադրության ոլորտում ֆինանսներ ներգրավելու համար. «Արտադրության ոլորտում ներդրումների ներգրավման լուրջ հիմքեր ստեղծելու համար անհրաժեշտ է արտադրության մասին օրենսդրության բարեփոխումներ կատարել: Առանց այս ոլորտի իրավական կարգավորման՝ ներդրողը չի դիմի չհիմնավորված ռիսկերի»:
Նա ասաց, որ իրենք արդյունաբերական հիմնական ճյուղերի զարգացման ուղղությամբ 11 ծրագիր են ներկայացրել (մետաղագործություն, Աջափնյակում Երեւանի մետրոյի կառուցում, Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցում, Վանաձորի քիմկոմբինատի գործարկում եւ այլն): Ըստ նրա՝ այդ ծրագրերի իրականացումը Հայաստանի տնտեսության մեջ արտադրության բաժինը կարող է մեծացնել ՀՆԱ ներկայիս 13 տոկոսից մինչեւ ավելի շոշափելի թվեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ