Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այսօր ԿԸՀ-ն գրանցեց կուսակցությունների համամասնական եւ տարածքային ընտրական ցուցակները: ԿԸՀ որոշմամբ գրանցվեցին «Ազգային առաջընթաց», «ԲՀԿ», ՀՅԴ, ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունների, «Իմ քայլը» եւ «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակները:
Մի քանի կուսակցությունների ցուցակում ներառված թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, նրանք դուրս եկան ցուցակներից: Մասնավորապես, ԲՀԿ-ի ցուցակից ինքնաբացարկի դիմումի հիման վրա դուրս եկան 115 համարը՝ Սենիկ Սարիբեկի Էվինյանը, 108-րդ համարը՝ Արարատ Սերգեյի Գեւորգյանը, Արսեն Արամայիսի Սիմոնյանը: «
Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 168-րդ համարը՝ Մհեր Գեւորգյանը: ԿԸՀ-ն նրան հանեց ցուցակից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկ է հայտնել Էլյա Հովակիմյանը, որը 108-րդ համարում էր:
ՀՀԿ-ից էլ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 88-րդ համարը՝ Անդրանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը, իսկ «Մենք» դաշինքից Նարեկ Գասպարյանն է ինքնաբացարկ ներկայացրել, ցուցակային համարն է՝ 113:
ՕԵԿ-ին ժամանակ էին տվել 48 ժամ բաց թողնված փաստաթղթերը լրացնելու համար: Երեկ բաց թողնված փաստաթղթերը լրացրել են, բայց՝ մասամբ: Ցուցակում ներառված Արմինե Բաբայանի փաստաթղթերից բացակայում էր ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում ՀՀ-ում լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը, այն չի լրացվել, ուստի Արմինե Միշայի Բաբայանի թեկնածությունը չգրանցվեց, մերժվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ