ՀՀԿ-ն Շիրակի մարզում առաջադրել է 13 վարկանիշային թեկնածուների, նրանցից շատերը, սակայն, հանրությանն անծանոթ դեմքեր են։ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի փաստմամբ՝ ցուցակում մեծամասամբ երիտասարդներ են։
Վարկանիշային թեկնածուներից ամենատարեցն ու ամենահայտնին Շիրակի նախկին փոխմարզպետ Հարություն Արշակյանն է։ Հիշեցնենք, որ նա Շիրակի մարզպետարանում համակարգում էր սոցիալական ու առողջապահական ոլորտները, նրան ժամանակին աշխատանքի էր տեղավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի ուսանողական տարիների ընկերն էր, սակայն շիրակցի պաշտոնյան ոչ մի անգամ չչարաշահեց այս մտերմությունը։
Ցուցակի հայտնի դեմքերից մեկն է նաև Կարապետ Պողոսյանը, որը զբաղեցնում էր մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը, իսկ վերջերս «Ա․Մ» փաստաբանական գրասենյակի ղեկավարն էր։ Նա զբաղվել է նաև մանկավարժությամբ, անհատ ձեռներեցությամբ։
Վարկանիշային թեկնածու է նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի քրոջ որդին՝ Նարեկ Միրզոյանը, որը քեռու պաշտոնավարման ժամանակաշրջանում Շիրակի պետական համալսարանում աշխատեց որպես իրավաբան։ Նրան աշխատակիցները բնութագրում են որպես համեստ, դաստիարակված երիտասարդի։ Նա այժմ ՀՀԿ Շիրակի տարածքային կենտրոնի «Գյումրի 1» ՇԿ կազմակերպիչ- համակարգողն է։
Վարկանիշային թեկնածուների ցանկում կա նաև գիտնական։ Վահագն Վարագյանը՝ ծնունդով Արթիկ քաղաքից է, աշխատում է Երևանի պետական համալսարանում, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենն է, կենսաբանական գիտությունների թեկնածու է, ՀՀԿ խորհրդի անդամ է։
Ցուցակում տեղ է գտել նաև Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի վարորդը՝ Առաքել Հայրապետյանը։ Նրան ցուցակում ներկայացված է որպես ՀՀԿ Շիրակի տարածքային կենտրոնի «Անիի» ՇԿ կազմակերպչի։
Տարեց թեկնածուներից մեկն էլ Սուսաննա Տոնոյանն է՝ «Արթիկի հատուկ բժշկական քոլեջ» ՓԲԸ դաստիարակության գծով փոխտնօրենն է։
Ցուցակում բավական մեծ թիվ են կազմում չաշխատող մարդիկ։ Ռեմիկ Աղաբաբյանի (այս երիտասարդն անհատ ձեռնարկատեր է եղել), Լուսյա Անաստասյանի (աշխատել է տուրիզմի ոլորտում), Հարություն Արշակյանի, Ռուզան Կարապետյանի, Կարապետ Պողոսյանի անվան դիմաց որպես աշխատանքի վայր՝ գրված է՝ չի աշխատում։
Ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նվարդ Աբելյանը մենեջեր է, Ներսես Ներսիսյանը «Էներգացանցշին» ԲԲԸ-ի մոնտաժող, Անահիտ Հարությունյանը՝ Ախուրյանի «Նիկոլ Աղբալյանի» անվան ավագ դպրոցի աշխատակից է, Արտյոմ Կոշտոյանն էլ ՀՀԿ Շիրակի տարածքային կենտրոն «Գյումրի 2» ՇԿ կազմակերպիչն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ