Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազալտ-7» ՍՊԸ պարզաբանումը՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի տարածքում ընկերության գործունեության վերաբերյալ

Նոյեմբեր 19,2018 17:05

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում «Բազալտ-7» ընկերության և մեր գործունեության վերաբերյալ մամուլում հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող՝ հիմնականում անանուն, տեղեկատվական նյութեր, հարկ ենք համարում հանրությանը ներկայացնել իրական իրավիճակը, և այդպիսով վերջ տալ ստահոդ լուրերի տարածմանը:

Ընկերությունը ստեղծվել է 2016թ. բնական շինարարական քարերի արդյունահանման, մշակման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնելու նպատակով։ Մենք պատրաստվում ենք ներդնել և կիրառել բացառապես ամենաարդիական արդյունահանման և մշակման մեթոդներ, արտադրական միջոցներ, որոնք կապահովեն հանքավայրերի արդյունավետ շահագործումը, աշխատող անձնակազմի անվտանգությունը և արտադրանքի բարձր որակը։

Մեր թիմը մշտապես պատրաստակամ է պատասխանել շահագրգիռ կողմերի բոլոր հարցերին, սակայն դրանց հիմնական մասն առաջադրվում են անանուն եղանակով, ինչն անհնար է դարձնում երկխոսության փորձը և պահանջվող տեղեկությունների տրամադրումը:

«Բազալտ 7» ՍՊԸ անվան շուրջ բարձրացված աղմուկն առաջացել է ընկերության հետ առնչություն չունեցող այլ կազմակերպությունների անառողջ մրցակցության և շահերի բախման արդյունքում: Որպես հիմնավորում կարող ենք նշել այն փաստը, որ մինչև Սիսիանի տարածաշրջանում ասֆալտի նոր գործարանի շինարարության մասին լուրերի ի հայտ գալը, որևէ շահագրգիռ կողմ, բնապահպան, բնապահպանական կազմակերպություն կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ երբևէ հետաքրքրություն չի ցուցաբերել տարվող գործընթացների նկատմամբ, որոնք ի դեպ սկսվել են դեռևս 2017թ․ փետրվարին, ընդ որում հանքը ներառում է այն նույն հանքի տարածքը, ինչը տաս եւ ավելի տարի շահագործվել է այլ անձի կողմից եւ շահագործվել է հնամաշ եւ ոչ արդիական տեխնիկական միջոցներով։

Վերլուծելով առկա իրավիճակը` հանգել ենք եզրակացության, որ վերոնշյալ կողմերից մեկը, որը տարիներ շարունակ Սիսիանի տարածաշրջանում մենաշնորհային դիրքով իրականացրել է ասֆալտի արտադրություն՝ օգտագործելով սեփական բազալտի հանքերի խճաքարը, և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, անառողջ մրցակցության մթնոլորտ է ստեղծում տարածաշրջանում, ինչն անմիջականորեն անդրադառնում է նաև վերոնշյալ պայքարի հետ կապ չունեցող այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին «Բազալտ 7» ՍՊԸ-ն է:

Հոդվածն ինքնին կառուցված է սուբյեկտիվ ենթադրությունների և անհիմն եզրակացությունների վրա: Բացակայում են լրագրողական էթիկան և օբյեկտիվ, փաստարկված վերլուծությունը: Ոմն Արգամը հանդես է գալիս այդպես էլ չպարզված անգեղակոթցիների անունից: Ենթադրյալ առնչություն և կապ է փորձում հաստատվել նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը նպատակ ունի ապակողմնորոշել ընթերցողին և գործընթացի համար պատասխանատու մարմիններին:

Պահանջում ենք իրականությանը չհամապատասխանող տեղեկության անհապաղ հերքում և կոչ ենք անում այլևս անհարկի չշահարկել «Բազալտ 7» ՍՊԸ անունը, դադարեցնել մեր անվան հետ կապված անհիմն ու չստուգված տեղեկատվության տարածումը։

Կրկին անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ բոլոր շահագրգիռ կողմերին տրամադրելու ցանկացած տեղեկատվություն՝ «Բազալտ 7» ՍՊԸ կողմից Անգեղակոթում բազալտի հանքավայրի շահագործման իրավունքի ստացման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև մեր ընկերության հետ կապված այլ հնարավոր հարցերի շուրջ քննարկմանը։

 «Բազալտ 7» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930