Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում այս մարզի համայնքապետերի հետ վարչապետի պաշտոնակատարի հանդիպման ժամանակ մի քաղաքացի, իր խոսքերով ասած՝ մտահոգություն հայտնեց Բելառուսի ԱԳՆ-ի աշխատակցի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանի հայտարարության կապակցությամբ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ. սրա առնչությամբ Փաշինյանն ասել էր՝ «Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք, քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, եւ մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպել է»։
Ի պատասխան այս հայտարարության Բելառուսի ԱԳՆ խոսնակն էլ ասել էր. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որը լիազորված է պատժել կամ ներել: Միգուցե դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի եւ էթիկետի միանգամայն հստակ նորմեր: Հնարավոր է, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»
Գեղարքունիքում քաղաքացին դիմելով Փաշինյանին ասաց. «Կապված մեր ազգի վստահության հետ, ասեմ՝ մտահոգված եմ նախկին խորհրդային պետությունների ղեկավարներն ունենում են նման կարգի աշխատակիցներ: Մասնավորապես Բելառուսի ԱԳՆ աշխատակիցը. Ուզում եմ ասել հետեւյալը՝ իմ պապիս երկու եղբայրները Բելառուսիան ազատագրել են ու զոհվել, այն Բելառուսիան, որտեղ ժողովուրդը ճկում էր նացիզմի լծի տակ: Բելառուսի ժողովուրդը պետք է հարգանքով մոտենա մեր ազգին ու պրոցեսներին»:
Փաշինյանն ի պատասխան քաղաքացու մտահոգության, իր բջջային հեռախոսից ինչ-որ բան կարդալով ասաց. «Մարշալ Բաղրամյանն էլ Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարում է ունեցել: Այնպես որ, այո, մեր բազմաթիվ հայրենակիցներ ոչ միայն Բելառուսի ազատագրմանը, այլեւ Հայրենական մեծ պատերազմին մեծ մասնակցություն են ունեցել»:
Անդրադառնալով Բելառուսի հետ առաջացած խնդրին, Փաշինյանն ասաց.«Ինչ վերաբերում է Բելառուսին. ես կարծում եմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է մի բան արձանագրեն՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք համակերպվողի դերում էինք:
Ես Մարտունիում էլ ասացի՝ այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ-շատերն ուզում են, փորձում են, կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ: Ես պարզ ասում եմ՝ չի անցնելու, մենք մեծ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք, եւ էլի եմ ասում, մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպը չունի: Բայց այդ հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու կառավարությունը ի վիճակի են պաշտպանելու մեր երկրի շահերը, եւ սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն եւ ես ձեզ խոստանում եմ՝ բոլորը հաշվի կնստեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ