2016թ.-ի մարտի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում են ստանում 2 անձ, որոնցից մեկը հետագայում մահանում է: Այս միջադեպի արդյունքում 2018թ.-ի օգոստոսի 2-ին Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչում Գրիգոր Հրայրի Մաթևոսյանին և նրան դատապարտում 18 տարի ազատազրկման:
Դատարանի կայացրած վճռի դեմ Գրիգոր Մաթևոսյանի փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը, բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:
Այսօր «Նոյյան տապան» ակումբում լրագրողների հետ զրույցում Գրիգոր Մաթևոսյանի փաստաբանը մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալի քրեական գործից. «Դատարանները դատավճիռը կայացնում են դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա, բայց իմ պաշտպանյալի գործում ընդհանուր իրավասության դատարանը հիմք է ընդունել միայն նախաքննության ժամանակ տված ցուցմունքները՝ հաշվի չառնելով դատարանում տված ցուցմունքները»:
Փաստաբանը նշում է, որ տուժող Վրեժ Մաթևոսյանը, որը միջադեպի ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածք, տարբեր ցուցմունքներ է տվել նախաքննության ժամանակ, այնուհետև դատարանում. «Վրեժ Մաթևոսյանը ցուցմունք է տվել նախ հետվիրահատական շրջանում՝ Բերդ քաղաքի ոստիկանապետի և քննիչի անմիջական ազդեցության, ճնշումների ու խաբեության ներքո: Երբ նշվում էր, որ ոստիկանապետն ու քննիչը ճնշում են գործադրել ցուցմունք տվողի վրա, այս հարցը քննելու նպատակով դատարանը պետք է դիմեր դատախազին ու ՀՔԾ ծառայությանը, այնուհետև գործին ընթացք տար: Բայց դատարանը դա չի անում և ընդունում է այդ ցուցմունքներն, առանց մեզ պատշաճ պատասխան տալու»:
Փաստաբանն ընդգծեց նաև, որ սույն գործով որևէ վկա կամ էլ ցուցմունք տվող չի նշել, որ իրենց մարմնական վնասվածքներ հասցրել է հենց Գրիգոր Մաթևոսյանը:
Ասուլիսին ներկա էր նաև Գրիգոր Մաթևոսյանի հայրը՝ Հրայր Մաթևոսյանը: Հրայր Մաթևոսյանի խոսքով՝ առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը, համագործակցելով Բերդ քաղաքի ոստիկանապետի, գլխավոր դատախազի և քննիչների հետ, տվել է մեղադրական վճիռ. «Տեսնելով դատավորի տրամադրվածությունը՝ ես արդեն գիտեի, որ իմ որդու դեմ մեղադրական վճիռ են կայացնելու: Դատավոր Զաքինյան Զոյան ճակատագրական սխալ է թույլ տվել՝ նման մեղադրական վճիռ կայացնելով»:
Ըստ Հրայր Մաթևոսյանի՝ Հայաստանում դատարանները «беспредел» որոշումներ են կայացնում. «Երկու տարի 7 ամիս իմ որդին անազատության մեջ է: Ես չեմ ցանկանում ծայրահեղ քայլերի գնալ, բայց եթե Վերաքննիչ դատարանն էլ որդուս գործը օբյեկտիվ չդատեց, հույսս կորցրած գնալու եմ ամեն քայլի՝ և՛ մահի, և՛ ցմահի»:
Հայրը վստահ է, որ իր որդին երբեք չէր կարող միջադեպի ժամանակ դանակ կիրառել. «Իմ որդին մարզիկ է, տիրապետում է մարտարվեստի: Նա հիմար չէր, որ մարտարվեստին տիրապետելով՝ իր մոտ դանակ պահեր»:
Հրայր Մաթևոսյանը վերջին անգամ է դիմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ նոր օրենքներ, նոր կարգեր: Ասում է՝ իրավական դաշտը պետք չէ կապել քաղաքականության հետ, բայց նա մոռանում է, որ իրավական մարմիններում աշխատողները քաղաքականության հետ կապ ունեցողների հետ են համագործակցում: Իմ նպատակը արդարությունն ու արդարադատությունն է: Եթե Վճռաբեկ դատարանը որդուս գործը օբյեկտիվորեն չդատեց, ես իմ պատերազմը սկսելու եմ Հայաստանի «թուրքերի» դեմ»:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ