Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկո′լ վարչապետ» կարգախոսն ամենաանխոհեմն է». Վիգեն Խաչատրյան

Նոյեմբեր 19,2018 16:23

Փորձագետ Վիգեն Խաչատրյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեռ մի բան էլ ուշացած են: Նա փաստեց՝ քաղաքական ուժերը մայիսից գիտեին, որ լինելու են ընտրություններ և բավականին ժամանակ ունեին:

Դառնալով քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներին՝ Վիգեն Խաչատրյանը նկատեց. «Ցանկացած քաղաքական ուժ ցուցակ կազմելիս առաջինը հաշվի է առնում, թե որքանով տվյալ թեկնածուն կնպաստի իրենց ձայների քանակին: Մեզնից լավ է ճանաչում այն հատվածը, որն իր օգտին կքվեարկի ու հենց այդ հատվածին են հաշվի առնում ցուցակ կազմելիս»:

Փորձագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ մի շարք ուժերի համար տհաճ անակնկալ էր այն, որ Ընտրական օրենսգիրքը չընդունվեց. «Հենց այն, որ դա նախատեսելու էր չորրորդ կուսակցության ներկայությունը խորհրդարանում, շատ քաղաքական ուժերի համար դրա չընդունվելը տհաճ անակնկալ էր»:

Դառնալով ՀՀԿ-ի ցուցակին՝ Վիգեն Խաչատրյանն ասաց. «ՀՀԿ-ի ցուցակը կազմված է այն սկզբունքով, որ անպայման լինեն քաղաքական իմաստ կրող գործիչներ, մարդիկ, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարողանան հարցեր բարձրացնել: Օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը գործիչ է, որի ֆունկցիան լինելու է Արցախի գործընթացի շուրջ անընդհատ դիսկուրս բացելը. անգամ, եթե իշխանությունը չուզի այդ հարցը բարձրացնել: Հիմնականում խոսող մարդիկ են»:

ՔՊ-ի ցուցակի մասին ասաց. «Չեմ կարծում, որ եթե երեք ամիս հետո ՔՊ-ն ցուցակ ներկայացներ, շատ էր փոխվելու: Խնդիրն այն է, որ նախորդ իշխանության սոցիալական հենարանն այլ էր, դրա համար խորհրդարանում բիզնեսմեններ էին հայտնվում, քրեական աշխարհի հետ կապված մարդիկ, գեներալներ: Այսօրվա իշխանության սոցիալական հենարանը փոխված է. իրենք ԱԺ են մտցնելու բոլոր այն քաղաքական, քաղաքացիական հոսանքներին, որոնք մասնակցել են հեղափոխությանը: Ինչ-որ չափով սա Նիկոլ Փաշինյանի համար փրկություն է, որ հիմա է ընտրությունը, և այն քաղաքական- հասարակական հոսանքները, որոնք գործադիր առումով որևէ տեղ չունեն, արդյունավետ չեն, հայտնվելու են խորհրդարանում: Իր պարտքը Նիկոլ Փաշինյանը հատուցելու է այդպես»:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ԲՀԿ-ն կհայտնվի խորհրդարանում, ՀՀԿ-ն շանսեր ունի, եթե կոնսոլիդացված աշխատի. «Եթե իշխանությունը սև- սպիտակ չանի, ՀՀԿ-ն կանի, քանի որ դա իրեն ձեռնտու է: Կա իքս տոկոս, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին՝ ռադիկալ դեմ են և ուզում են գտնել այն քաղաքական ուժին, որը կարտահայտի իրենց տեսակետը: Իրենք փորձում են ցույց տալ, որ միակ իրական ընդդիմությունն իրենք են: Դա կարող է ազդել գործընթացի վրա: «ՄԵՆՔ» դաշինքի ստեղծումից հետո բարդանում է «Լուսավոր Հայաստանի» խնդիրը, քանի որ նույն ընտրազանգվածի վրա են աշխատում՝ լիբերալ պրոարևմտյան: Հնարավոր է՝ իրար խանգարեն, ու ոչ մեկն էլ չհայտնվի խորհրդարանում: Աննկատ չի լինի «Սասնա ծռերը» ֆոնային առումով: Շատ բան կախված է լինելու ընտրապայքարից: Կարծում եմ՝ ՀՅԴ-ի շանսերը բարդ են, քանի որ եթե նոր ԸՕ-ն լիներ, կարող էին շանսեր լիներ՝ որպես չորրորդ ուժ: Դաշնակցությունն էլ է փորձել միքս անել՝ անկուսակցականներ է մտցրել ցուցակ, որն իրեն բնորոշ չէ»:

Վիգեն Խաչատրյանը վստահ է, որ քարոզչությունն ինչ-որ բաներ կարող է փոխել. «Ունենք չկողմնորոշված լայն զանգված: Իրականում այս ընտրություններում թե փողը, թաղի խուժանը չկա, օլիգարխները ակտիվ չեն, վարչական ռեսուրս չկա, թեև ինչ -որ ձևով կլինի, դա մեր, այսպես ասած, համաշխարհային ընտրությունները չեն: Դա մեզ սպասում է հաջորդ ընտրություններին: Անընդունելի է, որ բիզնեսը սերտաճել է իշխանությանը, մենք հիմա ունենք դա: Կարծես այս ամենի դեմը նոր իշխանությունը չի ուզում առնել. սա իր բացասական հետևանքը թողնելու է: Այն, որ ՔՊ-ի նորանշանակ կադրերը կադրային ջարդ են անում, դա իրենց դեմ է աշխատելու: «Նիկոլ վարչապետ» կարգախոսով գնալն ամենաանխոհեմ կարգախոսն է: Դա խոսում է այդ մարդկանց քաղաքական անկարողության մասին: Մենք վարչապետ չենք ընտրում, մենք խորհրդարան ենք ընտրում, որը կընտրի վարչապետ: Ուժի դիրքերից՝ թեկուզ հեղափոխություն արած ուժի, խոսելը վնաս է այդ ուժին: Այս խորհրդարանը իրենց հեղափոխական վարքագծի վերջին հանգրվանն է, հետո սկսելու է պատասխանատվության փուլ, լուրջ սխալներ են թույլ տալու, շատ բան կախված է լինելու կուսակցության ղեկավար կազմից: Իրենց հիմնական պայքարը պիտի լինի ներսում՝ ներսում առաջանալու է մի զանգված, որից արագ պետք է ազատվել: Իրենց աչքի առաջ պիտի լինի ՀՀՇ-ի փորձը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930