Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Խոպանչիներին» կհարկեն, եթե լինի հանրային լայն համաձայնություն

Նոյեմբեր 19,2018 16:16

«Ես տեղեկացա, որ հանրության շրջանում եւ նաեւ սոցցանցերում քննարկումներ են գնում, այսպես ասած՝ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության շուրջ: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի քաղաքացիներն իմանան, որ առանց լայն, հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության, որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու, բացառվում է այդպիսի բան»,- կառավարության այսօրվա արտահերթ նիստում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ կարող են զանազան գաղափարներ քննարկվել, որոնք կարող են եւ «մանիպուլյատիվ տեսք ստանալ, աղավաղվել, մեկնաբանվել ոչ այնպես՝ ինչպես կա», բայց մեկնաբանվել այնպես՝ ինչպես որ կա եւ արժանանալ կամ չարժանանալ հասարակության հավանությանը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ կոնկրետ «խոպանչիներին հարկելու» վերաբերյալ խոսքը աղավաղվել եւ սխալ է մեկնաբանվել:

Փոխվարչապետի պաշտոնակատարը պարզաբանեց. «Կա միտք, ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, եւ եթե դա կյանքի կոչվի, պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, այնպես, ինչպես հիմա օրենքով սահմանված կարգով  անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Նախ՝ պետք է հասկանանք ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան, եւ նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որեւէ եկամուտի կրկնակի հարկումը: Չի կարող պատահի, որ որեւէ մեկն իր եկամուտից, ասենք՝ օրինակ, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն հարկ է վճարում եւ փոխանցում է տրանսֆերով Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այս թեմայում այլ մանրամասներ, նրբերանգներ էլ կան, բայց ինքը չի ուզում խորանալ. «Նորից եմ ուզում ընդգծել, որ սա գաղափար է, որը պետք է քննարկվի եւ կտեսնենք ինչքան դրական կողմեր ունի, ինչքան՝ բացասական, մեր երկիրը ինչքան կարող է դրանից շահել, քաղաքացիները ինչքան կարող են շահել եւ ինչքանով՝ ոչ: Եվ միայն ամենալայն համաձայնության դեպքում որեւէ հարկային բեռի ավելացում կամ փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում այսուհետ կարող է տեղի ունենալ»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար,  ըստ որի՝ 2020-ից  եկամտային հարկ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Այս նախաձեռնությունը հասարակության շրջանում դժգոհությունների առիթ է տվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930