«Սխալ արտաքին քաղաքականության արդյունքում կարող ենք թուլացնել մեր դիրքերը ՀԱՊԿ-ում: Այդ դիրքերն ամուր են եղել, եւ մեր աշխատանքը հիմնականում կուլիսային է իրականացվել, թեեւ արդյունքները միշտ գոհացուցիչ են եղել: ՀԱՊԿ-ը միշտ կարողացել է հավասարակշռված մոտեցում ունենալ՝ անդամ երկրների ներսում միաժամանակ ունենալով հակասություններ: Իսկ այսօր այդ տարբեր մոտեցումները կոշտ հակասությունների են վերածվում, որոնք անդրադառնալու են նաեւ երկկողմ հարաբերությունների, նաեւ՝ ԵՏՄ-ում ՀՀ-ի հնարավորությունների վրա»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ Բելառուս-Հայաստան հակասությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը:
Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի հայտարարությունն անընդունելի է. «ՀՀ իշխանությունը պետք է հասնի նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի կամ վերանայի իր մոտեցումները»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում ՀՀ անելիքներին, Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ մինչեւ վերջ պետք է իրացնել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնավարման իրավունքը. «Հարցը սխալ է դրվել: Հուսամ՝ իշխանությունները չեն կրկնի նման սխալներ: Յուրի Խաչատուրովի հետկանչման գործընթացում անհարկի շտապողականություն է ցուցաբերվել: Ես դա կապում եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդրի հետ: Նա մասնագիտացված զինվորական է եւ արդյունավետ էր աշխատում, հարգված էր ՀԱՊԿ անդամ-երկրների կողմից: Արտաքին քաղաքականությունը ՀՀ-ում ելույթներ ունենալը չէ, այլ քիչ խոսելն ու շատ աշխատելը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2171825129707414/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ