Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Էդ կարգի մարդկանց հատ-հատ բռնելու ենք»

Նոյեմբեր 19,2018 16:10

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետարանում այս մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձավ ավելի վաղ արած իր հայտարարությանը՝ 350 հազար աշխատողների մասին:

«Մեր երկրում մասնավոր հատվածում աշխատում է 350 հազար հարկատու: Ես այս մարդկանց համարում եմ առաջնային հարկ վճարողներ: Այսքան մարդ աշխատում է ու նրանց վճարած հարկերից մենք հոգում ենք անվտանգության խնդիրը, բանակի, ճանապարհների, ենթակառուցվածքների, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը: Եվ մեր քաղաքականության իմաստն այն է, որ մենք հնարավորություն ստեղծենք, որպեսզի ոչ թե 350 հազար մարդ այսպիսի առաջնային հարկ վճարող լինի, այլ՝ 750 հազար, 1 միլիոն, 1.5 միլիոն»:

Փաշինյանի խոսքերով՝ մենք չենք ասում՝ ինչո՞ւ 350 հազար, բա ինչո՞ւ մյուսները չեն աշխատել.«Որովհետեւ գիտենք՝ հնարավորություններ չեն եղել: Մենաշնորհներ են եղել, էլի ասում եմ ՝ նախորդ կառավարությունը վարել է աղքատությունը խրախուսելու քաղաքականություն»:

Փաշինյանը վստահեցրեց՝ այժմ կան ահազանգեր, որ որոշ պաշտոնյաններ քամահրանքով են վերաբերվում եւ ոչ պատշաճ ձեւով չեն ուղեկցում պոտենցիալ ներդրողներին, նրանց չեն աջակցում.«Մենք պետք է հասկանանք, որ մեր հետագա զարգացման ամենակարեւոր գործող անձինք հենց այս մարդիկ են, ովքեր ի վիճակի են ներդրում անել աշխատատեղ ստեղծել: Բոլորիցդ ակնկալում եմ առանձնահատուկ վերաբերմունք պոտենցիալ ներդրողի համար: Եթե մեկն եկել է մարզպետարան ու ասել՝ ուզում եմ արտադրամաս բացել, բոլորիս խնդիրն է կոպիտ ասած՝ բռնել էդ մարդուն, խնդրել համոզել, շահագրգռել, որ մինչեւ էդ ներդրումը չանի, ինքը մեր ձեռից չի պրծնի»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ պետք է աջակցեն քաղաքացիներին աշխատել, եւ ուրիշի օգնության, ողորմության կարիքը ունեցողի հոգեբանությունը Հայաստանում չլինի.«Հիմա ամեն ինչի հնարավորություն կա, ընդհուպ մինչեւ պատգամավոր ազատ ընտրելու, բիզնես դնելու հնարավորություն»:

Փաշինյանը հիշեցրեց վերջերս Սեւան քաղաքում հարկային աշխատողի՝ կաշառք վերցնելու համար ձերբակալությունը. «Էդ կարգի մարդկանց հատ-հատ բռնելու ենք, հետո թող չգնան հարազատներով հավաքվեն՝ ճամփա փակեն, ներում-բեկում չկա: Ովքեր ժողովրդի՝ իրենց վստահած ծառայությունը ծառայեցնում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդկանց: Հույս ունեմ այս ուղերձը շատ լուրջ կընկալվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930