Լրագրողները «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, ինչո՞ւ չեն փորձել ընդգրկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում, եթե այդքան ընդհանրություններ ունեն ՔՊ-ի հետ եւ ողջունում են Նիկոլ Փաշինյանի գործողությունները:
«Նման փորձ չենք արել, որովհետեւ ՔՊ-ն ունի իր քաղաքական ծրագիրը, մենք` մեր: Ընդ որում, մեր ծրագիրն 80 տոկոսով տարբերվում է ՔՊ-ի ծրագրից: Հայաստանի գործող օրենսգրքով առնվազն 3 ուժ պետք է լինի խորհրդարանում, հետեւաբար եթե բոլոր առողջ ու հեղափոխական ուժերը գնան միավորվեն մեկ ճամբարում եւ ստանան ձայների 100 տոկոսը, միեւնույն է նրանք ստանալու են խորհրդարանի տեղերի 2/3-ը, ու ստացվելու է, որ ակամայից օգնելու ենք հակահեղափոխական ուժերին հայտնվել խորհրդարանում:
Այնպես որ, ես չեմ տեսնում իմաստ զուտ մանդատ ստանալու համար գնալ համագործակցել ՔՊ-ի հետ: Մենք ուզում ենք լինել այն այլընտրանքը, որ ծրագրային դրույթների հիման վրա կարող է Ազգային ժողովում առաջարկել հետաքրքիր լուծումներ եւ դրանով նպաստել Հայաստանի պետականության, քաղաքական եւ իրավական համակարգի կայացմանը»,-ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանը:
ՔՊ-ի հետ, ծրագրային տարբերություններից մեկն, ըստ Հայկ Գրիգորյանի, այն է, որ տնտեսության զարգացումը տեսնում են վարչատարածքային նոր բաժանման մեջ` ապակուսակցական հիմքով: Այդ կերպ, ըստ իրենց կուսակցության ծրագրի, հավասարաչափ կզարգանա ոչ միայն Երեւանը, այլեւ բոլոր մարզերը:
Մյուսը ծրագրային կետը լյուստրացիան է: Հայկ Գրիգորյանն ասում է, որ այդպիսով կարելի է պարզել թե ուժային կառույցներում բարձր պաշտոն զբաղեցրած մարդկանցից ովքե՞ր են այլ պետությունների գործակալական ցանցերի ներկայացուցիչ, մի բան, որ ազգային անվտանգության հարց է
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ