Քանի որ Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Փայտյանը մանկավարժ է մասնագիտությամբ, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` կրթության ՔՊ-ական նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում բովանդակային որեւէ փոփոխություն նկատե՞լ է:
«Անկեղծ ասած, բովանդակային առումով որեւէ փոփոխություն չկա, մեր կրթության համակարգն էլ շատ հիվանդ է եւ իրապես համակարգային փոփոխության կարիք ունի: Պետք է ամբողջովին ապակուսակցականացնել եւ ապաքաղաքականացնել դպրոցներն ու բուհերը, տալ նրանց լիակատար ինքնավարություն` ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսավորման ու տնտեսական առումով»,-ասաց մանկավարժ թեկնածուն:
«Բուհը պետք է լինի ինքնաֆինանսավորվող եւ իր քաղաքականությունը մշակող, դպրոցներին եւս պետք է տրվի շատ մեծ ինքնավարություն, պետք է վերանայվի դպրոցների խորհուրդների, կառավարման մարմինների կազմման կարգը, որպեսզի կրկին որեւէ պետական ինստիտուտ դպրոցներում իր քաղաքականությունն առաջ տանելու լծակներ չունենա: Օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես են պետական մարմինները միջամտում դպրոցների կառավարման խնդիրներին, ինչն անթույլատրելի է»,-հավելեց Հայկ Փայտյանը:
Ասաց նաեւ, որ իր համար շատ կարեւոր է դպրոց-ծնողական համայնք կապի ամրապնդումը եւ վերջինիս կողմից վերահսկողության ուժեղացումը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի պատասխանատու Հայկ Գրիգորյանն էլ ընդգծեց, որ կրթության ոլորտի բարեփոխումների արդյունքում Հայաստանը կարող է դառնալ կրթություն արտահանող երկիր, եւ Հայաստանում կրթական ծառայություններ մատուցվեն ոչ միայն հնդիկներին ու պարսիկներին, այլեւ Արեւելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչներին:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ