Բիզնեսին էլ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավելու համար, այսօր արդարադատության նախարարությունը միջոցառում էր նախաձեռնել, որին մասնակցում էին նաեւ տնտեսվարողներ, բանկերի ներկայացուցիչներ, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի մասնագետներ:
Այս հարցով նախարարությունը համագործակցում է «ՄՏՍ Հայաստան» ընկերության հետ՝ նրանց փորձն ուսումնասիրելու եւ փոխանցելու այլ տնտեսվարողներին: «ՄՏՍ Հայաստան»-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ նախ՝ կազմակերպությունն իր աշխատաոճով պետք է լինի թափանցիկ եւ համապատասխան տանջալի աշխատանքներ տանի, որ աշխատակիցներն էլ հասկանան, գիտակցեն, որ սկսեն կիրառել թափանցիկության մոտեցումները եւ իրենք էլ սովորեցնեն ուրիշներին, թե ինչու է պետք լինել թափանցիկ եւ որքան կարեւոր է ունենալ թափանցիկ գործելաոճ:
Միջոցառմանը ներկա «Կոնցեռն Դիալոգ» ընկերության ներկայացուցչի խոսքով, նախկինում բիզնես բառը «կառավարության մոտ հայհոյանքի պես մի բան էր». «Ողջունելի է, որ հիմա մոտեցումը փոխվել է»:
Ապա գործարարը «ՄՏՍ Հայաստան»-ի ներկայացուցիչ Իննա Մնացականյանից հետաքրքրվեց, թե հակակոռուպցիոն համակարգեր ներդնելիս արդյոք հայկական մենթալիտետը հաշվի՞ են առնում: Նրա խոսքով, շատ դեպքերում, երբ նման համակարգ են ներդնում հայկական հոգեկերտվածքը խանգարում է այն աշխատեցնել:
Ի պատասխան Իննա Մնացականյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ համակարգը ազգային առանձնահատկություն չունի. «Կան մեզնից պահանջվող պայմաններ, որոնք որեւիցե կապ չունեն մեր հայկական իրականության հետ: Միանշանակ, այն համակարգը, որ մենք ունենք, մեր երկրի համար այնքան էլ մրցունակ չէ, որովհետեւ մենք հավասար պայմաններով չենք գործում: Այսինքն՝մենք ունենք մեզ շատ սահմանափակող պայմաններ, որը որ ուրիշ բիզնեսները չունեն»:
Մանրամասները դիտեք տեսանյութում
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, հնարավոր է շատ քիչ ֆինանսական միջոցներով կրճատել կոռուպցիան. «Օրինակ` տեխզննության համար վճարում է, բայց որպեսզի այն անցնի պիտի գնան համայնքապետարան, գյուղապետարան հերթ կանգնեն եւ այլն, պետք է այդ շփումը նվազեցնել պարզ եղանակով»:
Պարոն Քրմոյանն ասաց, որ հարցում են կազմակերպել եւ բիզնեսի ներկայացուցիչներից հարցրել են՝ ի՞նչ խնդիրներ ունեն եւ հենց իրենք ի՞նչ լուծումներ են առաջարկում, որովհետեւ, Սուրեն Քրմոյանի խոսքով, շատ հաճախ բիզնեսը լուծումներն ունի, բայց բիզնեսի ձայնը լսելի չէ: Փոխնախարարի համոզմամբ, էլեկտրոնային գործընթացներն ամենաարդյունավետ լուծումներն են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ