Քանի որ «Ազգային Առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներ Լուսինե Հարոյանը, Հայկ Գրիգորյանը եւ Հայկ Փայտյանը 5-6 կուսակցության հակահեղափոխական եւ հակապետական հայտարարեցին, Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց` ըստ իրենց, արդյոք «Սասնա ծռերը» հակապետական ո՞ւժ չէ:
«Մենք առանձնացրինք 5-6 այդպիսի ուժ, բայց մյուս ուժերին հիմա չենք անդրադառնա: Նրանք տարբեր փուլերում իրականացրել են քայլեր, որոնք ուղղված են եղել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը»,-ասաց «Ազգային Առաջընթաց» կուսակցության լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանը:
Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Փայտյանն (լուսանկարում) էլ հավելեց, որ նախորդ իշխանությունները կեղծված ընտրությունների միջոցով ամեն ինչ արել են, որ վերարտադրվեն, ու իրենց նշած հակահեղափոխական ուժերն աջակցել են նրանց այդ գործում: Իսկ այն ուժերը, որոնք Հայկ Փայտյանի ձեւակերպմամբ, չեն նպաստել դրան, մտածել են, որ պետք է տեղի ունենա այլընտրանքային փոփոխություն, ինչպես հեղափոխությունը կամ քաղաքացիական անհնազանդությունը, չեն կարող համարվել հակապետական:
«Որոշ ուժեր մտածել են, որ դասական ընտրությունների միջոցով հնարավոր չէ վերացնել կլանային քրեաօլիգարխիկ համակարգը: Սա է հեղափոխական եւ հակահեղափոխական բաժանման դրույթը: Օրինակ, «Սասնա ծռերի» հիմքում կանգնածները մերժել են ընտրությունների գաղափարը, իսկ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ ապացուցեց, որ այո, նախորդ իշխանություններին դասական ընտրությունների միջոցով հեռացնելը հնարավոր չէ: Կար մի տարբերակ, դա փողոցային պայքարն էր, քաղաքացիական անհնազանդությունը, իսկ թե փողոցային պայքարի ինչ մեթոդաբանություն պետք է ընտրվեր, դա կարող էր լինել հեղափոխական ուժերի մարտավարական առանձնահատկությունը` մեկի համար ընդունելի, մյուսի համար ոչ ընդունելի»,- ընդգծեց «Ազգային Առաջընթաց» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Փայտյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ