Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, հորդորեց նախորդ իշխանությունների օրոք ձեւավորված մեթոդներին վերջ տալ:
«Հին ավանդույթի համաձայն, լինելու են քաղաքական ուժեր, թեկնածուներ, ովքեր գալու են եւ դպրոցի տնօրեններին, համայնքների ղեկավարներին, եւ այլն, որպեսզի լծակներ օգտագործեն՝ իրենց համար ընտրական հարաբերություններ ապահովելու համար: Ուզում եմ ասել՝ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը չպետք է ասի, թե՝ ով՝ ում ընտրի: Որեւէ մեկը չպետք է օգտագործի իր կարգավիճակը ՝ քարոզչություն անելու համար, որովհետեւ երեխաների հետ նրանց գործառույթը գիտելիք հաղորդելն է, եւ նրանց կրթական գործընթացը կազմակերպելն է»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ հեղափոխության օրերին շատ էին խոսում, որ ցույցերին նաեւ դպրոցականներն էին մասնակցում. «Ես կարծում եմ, որ դա պատահական չէ, որովհետեւ նրանք, որպես աշակերտ, իրենց կարգավիճակով ազատագրման կարիք էին զգում: Մենք տեսանք, որ հանրապետության մայր բուհի դռները կողպել էին, որպեսզի որեւէ ուսանող դուրս չգա: Այս երեւույթը արմատախիլ ենք անելու, եւ շատ կարեւոր է, որ այս փուլում կարողանանք հրաժարվել բոլոր այն մեթոդներից, որոնք նախկինում կիրառվել են: Գուցե շատ դեպքերում կառավարությունն ինքն է ներքաշել այն մարդկանց, որոնք չպետք ներքաշվեին ընտրական գործընթացներին: Իհարկե, այս պահին գործող ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են եւ ովքեր չեն կարող քարոզչություն անել եւ ինչ պայմաններում: Բայց ընդհանուր առմամբ, հանրային ծառայողներն, ինչպես որ հարկն է, պետք է որոշակիորեն նաեւ սահմանափակեն, որպեսզի կրթական օջախները չքաղաքականացվեն: Իհարկե, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ կարող են լինել ընտրական հանձնաժողովում, բայց դա կապ չունի ընտրական գործընթացի հետ: Դա օրենքով սահմանված է: Բայց խոսքն այն մասին է, որ փորձ է արվում վարչական լծակներ օգտագործել, սպառնալիքի մեթոդներ կիրառել՝ այ, եթե ինձ չընտրես, էն մեկին ձայն տաս՝ սենց կլինի, նենց կլինի»:
Փաշինյանի ներկայացմամբ՝ այդ երեւույթը քաղաքացու կամքի սահմանափակում է, եւ այդ գործելաոճը պետք է շատ կոշտ հակազդեցության արժանանա: Փաշինյանը վստահեցրեց՝ իրավապահ մարմինների առջեւ հստակ խնդիր է դրել՝ ընտրակաշառքներն այլեւս տեղ չունեն:
«Ես չեմ ուզում, որ պրոցեսները չգնան այնպես, որ մարդիկ լուրջ չվերաբերվեն այս զգուշացումներին: Ես կարծում եմ՝ որեւէ մեկը նույնիսկ փորձ չպետք է անի: Որովհետեւ հետո կլինեն կալանավորումներ, ձերբակալություն, հետո ցույց կանեն, կասեն՝ վայ, ինչո՞ւ եք մեզ… ճանապարհներ կփակեն եւ այլն: Ավելի լավ է՝ մի՛ արեք: Նա՝ ով ընտրակաշառքի, կամ չգիտեմ, որ մարդկանց ցուցակագրում են, անձնագրերի տվյալներն են հավաքում, եւ այլն, եւ այլն… Քաղաքացիներին թողնում ենք հանգիստ: Իրենք թող որոշեն, ընտրեն ում ուզում են: Հանկարծ չստացվի այնպես, որ կրիմինալը քաղաքական գործընթացներում ներգրավված լինի: Չգիտեմ, նախկինից հայտնի էդ վերնագրերը՝ թաղային հեղինակություն, քրեական հեղինակություն եւ այլն: Այս երեւույթը պետք է արմատախիլ անել, որովհետեւ քրեական հեղինակության տեղը կամ դերը քաղաքացուն քաղաքական ընտրություն պարտադրելը չէ: Եթե որեւէ մեկը քրեական է, քրեականի տեղը բանտն է, ուրեմն ինքը պետք է լինի բանտում: Հույս ունեմ այս կանոնները բոլորը կպահպանեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
երեւի լաւ չէինք հասկացել… այդ «կախարդական փայտիկը»՝ սպառնական գաւազան մըն է… ազդու դագանակ…