Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հարցրեցին՝ ՀՀԿ-ն ասում է, որ քաղաքական մյուս ուժերը, բացի ՔՊ-ից, փորձում են տեղավորվել ընդդիմադիր դաշտում, բայց անցած 6 ամսվա ընթացքում Փաշինյանին չեն քննադատել, ուստի իրական ընդդիմությունն իրենք են, համաձա՞յն եք: Էնֆիաջյանը պատասխանեց. «Ժողովուրդն է որոշելու»:
Հարցին՝ դուք ընդդիմությո՞ւն եք լինելու, թե՞ իշխանություն՝ Էնֆիաջյանը Սահմանադրությանը հղում արեց՝ ասելով, որ այն հստակ սահմանում է, թե ժողովուրդն իր իշխանությունն ինչպես է իրացնում. «Այո, ժողովուրդն է որոշելու, ինչ համամասնություն կունենան քաղաքական ուժերը խորհրդարանում, ըստ դրա կուրվագծվի, թե որ քաղաքական ուժը իշխանություն կլինի, որ քաղաքական ուժը միգուցե կոալիցիոն ուժ կլինի, որը՝ համագործակցող եւ որը՝ ընդդիմադիր»:
Հարցին՝ դուք վախենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին լինել ընդդիմություն՝ նա պատասխանեց. «Մեր քաղաքական ուժը որեւիցե դաշտում գործունեություն ծավալելիս վախի զգացողություն չի ունեցել…Կաշկանդված չենք եղել, կաշկանդված չենք ու կաշկանդված չենք էլ լինելու բացերից խոսելու եւ գնահատականներ տալու շատ կոշտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ