2020-ից ՊԵԿ-ը մտադիր է հարկել տրանսֆերտների գումարները: Գումարի 23 տոկոսը եկամտահարկի տեսքով կիրառելու մեխանիզմ է մտածել: Այս առնչությամբ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ե՛վ նախորդ իշխանության, եւ ներկայիս իշխանության ժամանակ ես դրան համամիտ չեմ եղել, գիտեք ինչ ազդեցություն ունեն տրանսֆերտները մեր երկրի համար: Չեմ ուզում 90-ականներից պատմական էքսկուրս կատարել, բայց տրանսֆերտների հաշվին մենք կարողացել ենք պահպանել մեր զարգացումը, կայունացումը: Մենք դրան պետք է ուշադիր վերաբերվենք: Այդ դեպքում բնականաբար, օրինական ճանապարհները կշրջանցեն, վերջիվերջո մարդիկ պետք է ցանկություն ունենան իրենց հարազատներին փող ուղարկելու ու կգնան ավելի շատ զարտուղի ճանապարհներով, տրանսֆերտների քանակը կտրուկ պետք է իջնի»:
Բաղդասարյանն ասաց, որ միտինգում կանգնած մարդկանց 70 տոկոսին եթե հարցնեինք՝ ի՞նչ եք ուզում լինի, կասեին՝ հարկեր չվճարենք: Նրանց չի հետաքրքրում, որ դրանով պետք է աշխատավարձ, թոշակները բարձրանան, իրենց կոնկրետ եկամտի մասին են մտածում. «Դա մեծ դժգոհություն է առաջացնելու, որ ինչո՞ւ պետք է մեր հարազատի ուղարկած փողը հարկվի»:
Վահրամ Բաղդասարյանը նաեւ քննադատեց ներկայիս իշխանություններին՝ ասելով՝ ո՞ր քայլն է իրենց հեղափոխական: Եթե սա հեղափոխություն էր, հեղափոխությունից հետո իներցիոն բյուջե չի լինում, ըստ նրա, առաջին դեմքին թվերը ճիշտ չեն ներկայացնում. «Ոնց որ մեզ էին ասում՝ շրջապատը պետք է փոխի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ