«Ձեր օգնությամբ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ, հետեւաբար, այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլոր խոստումները կատարված են»,-այսօր այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունի քաղաքում իր ելույթի ժամանակ: Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ:
Իր ելույթում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը ներկայացնելով ՀՀ պետական կառույցների ներկայիս իրավիճակն, ասաց՝ այս պահին կառավարության անդամները պաշտոնակատարներ են, ԱԺ-ն լուծարված է. «Սա նշանակում է, որ մենք կատարել ենք մեր ամենամեծ խոստումը: Իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին: Հիմա մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է, ժողովուրդ ջան: Բայց այս փուլի դրությամբ մենք մեր ստանձնած պարտավորությունը ժողովրդի առաջ կատարել ենք: Առաջիկայում մենք, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժեր, կգանք եւ ձեզանից կխնդրենք մանդատ: Մենք քաղաքական հեղափոխությունն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, բայց որոշողը դուք եք, որովհետեւ իշխանությունը ձերն է»:
Վարչապետի պաշտոնակատարը դիմելով հանրությանն, ասաց՝ «Դուք պետք է ընտրեք, թե՝ ով պետք է լինի հետագա հինգ տարիների վարչապետը»:
Փաշինյանի խոսքերով՝ այս պահին հեղափոխության առաջին եւ ամենակարեւոր փուլն ավարտված է. «Որովհետեւ իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ: Եվ ես երաշխավորում եմ՝ որեւէ մեկը չի կարող վարչական լծակով, ընտրակաշառքով, որեւէ սպառնալիքով, որեւէ թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որեւէ մեկին: Հայաստանում տեղի են ունենալու ազատ ընտրություններ: Հույս ունեմ, որ «ընտրական ասողների» այդ ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: Հայաստանի քաղաքացուն որեւէ մեկը չի կարող ասել՝ նա ում ընտրի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ասողը քաղաքացին է: Թույլ չտա՛ք, որ որեւէ մեկը ձեզ ասի, թե՝ դուք ում ընտրեք: Հետեւեք քարոզարշավին, հետեւեք քաղաքական ուժերին, եւ որոշեք, թե ում եք ուզում ընտրել: Ձեր ընտրությունը մեզ համար կլինի բարձրագույն եւ անբեկանելի որոշում: Թույլ չտա՛ք ձեզ ասեն՝ պիտի ընտրեք էս մեկին, պիտի ընտրեք էն մեկին: Դուք ինքներդ եք որոշում, դուք եք ասողը սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում, ու չկորցնեք այդ կարգավիճակը»:
Մարտունի քաղաքից Փաշինյանը մեկնեց Գավառ քաղաք, որտեղ տեղի ունեցավ Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացման միջոցառումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ