Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Բելառուսի ԱԳՆ խոսնակի վիրավորական հայտարարության հետ կապված ասաց. «Միջազգային հարթակներում նման հռետորաբանությունը ընդունելի չէ, առավել եւս բարեկամ երկրների միջեւ, քանի որ ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է, ամբողջ աշխարհն է դիտում: Ի սկզբանե բացթողումներ եղել են նաեւ մեր իշխանությունների կողմից, մենք զգուշացրել էինք դրա մասին: Խաչատուրովը ՀԱՊԿ երկրների համաձայնությամբ նշանակված անձ էր ու երբ պետք է քրեական հետապնդում լիներ, կալանք լիներ, էթիկայից ելնելով՝ նախապես պետք էր տեղյակ պահել ՀԱՊԿ գործընկերներին: Դա չի կատարվել եւ լարումն ու սրումը դրանից առաջացավ: Արդեն կանխատեսելի էր, որ մենք կարծես թե կորցնելու ենք այդ տեղը, դրա սինդրոմները արդեն կային, այդ հռետորաբանությունը կար արդեն ելույթներում իրենց: Նիկոլ Փաշինյանը կորոշի, թե ինչպես իրեն կդրսեւորի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Համենայնդեպս, սա ձեռնտու չէ ՀՀ-ի համար, սա կարող է հղի լինել բավականին տհաճ հետեւանքներով: Ինչքան իրար շուտ հասկանան…վերջիվերջո ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է եւ այդ ընտանիքի հետ մենք երկար գործ ունենք կատարելու»:
Նա ասաց, որ բնականաբար, մեզ համար ցանկալի չէ, երբ փակ հանդիպումից հետո հանկարծ հայտնվում է Ադրբեջանի դեսպանը եւ նման քննարկում է կատարվում, բայց դա առնչվում է նրան, թե ինչ պայմանավորվածություն է եղել փակ հանդիպման ժամանակ. «Դեռ բացված չէ, թե ինչպիսի պայմանավորվածություն է եղել եւ ով է խախտել պայմանավորվածությունը: Չգիտեմ ում բարեկամն է, կամ ում ընկերն է Ալիեւը, բայց Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որեւէ առնչություն չունի»:
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց. «Որեւէ անգամ մեր իշխանության օրոք նման սկանդալներ չեն եղել: Դա դիվանագիտական բանակցությունների արդյունքում պետք է արվեր, ոչ թե մասսայական՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ վիճաբանություն լիներ: Դա արդեն իսկ խախտում է բարեկամ, մեծ ընտանիք հասկացողությունները: Եղել են առաջ շատ կոշտ խոսակցություններ, բայց եղել են առանձնազրույցներում եւ հարթվել է: Նմանատիպ ցայտուն երեւույթներ մեր իշխանության ժամանակ չի եղել: Չի եղել մի դեպք, որ պարտվողական դիրքորոշում արձանագրած լինենք ՀԱՊԿ-ի հետ բանակցությունների ժամանակ»: Հարցին՝ հիմա կա՞ այդ պարտվողական դիրքորոշումը՝ Բաղդասարյանը պատասխանեց. «հետեւենք զարգացումներին»:
Լրագրողները հիշեցրին՝ եթե հիմա Ադրբեջանի ներկայացուցչի հետ ընդամենը քննարկել են, ձեր ժամանակ զենք էին վաճառում Ադրբեջանին՝ Բաղդասարյանն արձագանքեց. «Այսինքն, հիմա չե՞ն վաճառում: Դրա եռակի, քառակի անգամ ավելի մենք էինք զենք ձեռք բերում»:
Բաղդասարյանն ասաց, որ դեկտեմբերի 6-ին, ենթադրում է՝ որեւէ մեկը չի ընտրվի ՀԱՊԿ-ում եւ պաշտոնակատարը կմնա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ