Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի՝ Ալիևը դա անում է, քանի որ չի էլ թաքցնում, որ պատրաստվում է պատերազմի, մենք դա տեսնում ենք նախիջևանյան և ղարաբաղյան ճակատում:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ լուրջ հնարավորություն է առաջացել էլ ավելի թունավորելու ՀԱՊԿ ներսում Հայաստանի հետ հարաբերությունները կոնկրետ Յուրի Խաչատուրովի գործով:
«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետը նշեց՝ Ալիևն ուզում է քաղաքական պահը լավագույնս օգտագործել և առիթը բաց չթողնել էլ ավելի խորացնելու այն ճգնաժամը, որն առաջացել է ՀԱՊԿ ներսում:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ հանդիպմանը հայտարարել էր՝ Մինսկի և Բաքվի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի, և դա Երևանի մոտ «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս: Այնուհետև վստահեցրել էր. «Բելառուսը ռազմական արդյունաբերության ոլորտում ցույց է տալիս շատ բարձր մակարդակ, և մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում»:
Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ այս խնդիրները նոր չեն, ուղղակի Խաչատուրովի գործն առիթ է դարձել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղի շուրջ սակարկությունները նորից բացելու համար: Մեր զրուցակիցը պնդեց՝ այնպես չէ, որ Հայաստանը որևէ պրոցեդուրա խախտել է. «Հայաստանի կառավարությունն ուղղակի նաև մի փոքր առիթ տվեց այդ խնդիրը, այսպես ասած, մատի փաթաթան սարքելու՝ իբրև թե ՀԱՊԿ հեղինակությանը վնասելու, հարված հասցնելու առումով, և թույլ տվեց ուղղակի մեզ վրա վաճառել այն, թե նախկինում Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրել, որ ՀՀ ներկայացուցիչը ընտրվի և այլն, իսկ Բելառուսն էլ հերթական անգամ առիթ է ստացել իր շահերը առաջ մղելու առումով»:
Ստեփան Սաֆարյանը լուրջ ու խորքային խնդիրներ է տեսնում ՀԱՊԿ-ի ծավալման, ռուսական ռազմաբազաների և այլ թեմաներով Բելառուսի՝ վերջին շրջանի շատ հետաքրքիր ռևերանսներով Արևմուտքի հետ: Եվ այս կտրվածքով Ալիևն ուղղակի փորձում է այդ հարաբերություններն ավելի թունավորել: Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Ալիևը դա անում է, քանի որ չի էլ թաքցնում, որ պատրաստվում է պատերազմի, մենք դա տեսնում ենք նախիջևանյան և ղարաբաղյան ճակատում:
Ստեփան Սաֆարյանը մանրամասնեց. «Այժմ էլ առիթը բաց չի թողնում. Բելառուսի դեսպանին է իր մոտ հրավիրել և փորձում է հոգեբանական ճնշում գործադրել և՛ հայ հասարակության վրա, որ տեսեք՝ ձեր անգամ խնդիրները ես եմ ուղղորդում, և՛ սեփական հասարակության առջև իր ասածները ամրապնդելու համար: Պահը վտանգավոր է: Չգիտեմ՝ ՀՀ քաղաքական ղեկավարությունը ինչպես, ոնց է աշխատել, քանի որ շատ բան այժմ տակտիկական լուծումների վրա պետք է լինի՝ գիտակցելով բոլոր ռիսկերը, Ադրբեջանի հետապնդած նպատակները, ուղղակի չպետք է թույլ տրվի այդ ամենին հասնել»:
Մեր այն հարցին՝ գուցե Խաչատուրովի գործի ժամանա՞կը չէր, մանավանդ պարզ էր՝ նման թնջուկ էր բացվելու, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ, իհարկե, բոլոր քայլերը արդյունավետ են այն ժամանակ, երբ դրանք իրականացվում են ճիշտ պահին ճիշտ մարդկանց միջոցով և ճիշտ տեղում: Սա քաղաքագիտության բազային հարցադրումներից մեկն է: Հանուն այդ ամենի սա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարությունը կարող էր հետաձգել ներքին արդարադատության ստորագրումը՝ սպասելով, ենթադրենք՝ երբ ՀՀ լիազորությունները կավարտվեն: Ի վերջո, մենք այս խնդիրների առաջ կանգնելու էինք նաև 2020-ին, երբ Հայաստանի ժամկետն ավարտվեր: Խնդիրն այն է՝ հետհեղափոխական վիճակը ոնց ենք օգտագործում. ասենք՝ դաշնակիցների հետ հարաբերությունները բարելավելու, մեր ինքնիշխան շահերը լեգիտիմ դարձնելու և թույլ չտալու Ադրբեջանին իր հերթին թունավորել մեր հարաբերությունները ՌԴ-ի, Բելառուսի հետ, որոնք տեղից պատճառներ ունեն ասիմետրիկության և ոչ ամենևին պայմանավորված Ադրբեջանով»:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ուղղակի պետք էր գործընթացի շատ ավելի ճիշտ դիզայն: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նկատի ունի, քաղաքագետը պատասխանեց. «Նկատի ունեմ ներքին կոնսուլտացիաները՝ համոզելու աշխատանքը, որ պետք է տարվեր դիվանագիտական խողովակներով: Ուղղակի մեր դաշնակիցներին դրվեր այն վիճակում՝ արվեր առաջարկ, որը նրանք մերժել չէին կարող, այդ թվում՝ իրականացնելով սեփական իրավունքը: Չգիտենք՝ ինչ է արվել արտաքին քաղաքական գերատեսչության խողովակներով: Այդ ամենին համալիր գնահատական կարելի է տալ այդ ամենի պատասխաններն ունենալու դեպքում»:
ՄԱՀՀԻ նախագահի կարծիքով՝ սա ոտքի վրա, ծնկի ծերին պատասխանելու հարց չէ: Մեր հարցին՝ հանգի՞ստ եք, որ մեր արտաքին գերատեսչությունն այդ գործընթացները հավուր պատշաճի կատարել է, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Հանգիստ չեմ, քանի որ տեսնում եմ խնդիրներ, որոնք ավելի են բարդանում, արդեն նույնիսկ ադրբեջանական երանգ են ընդունում՝ ի դեմս Ալիևի այս հարցին: Սա նշանակում է, որ ռիսկերը դեռևս հավուր պատշաճի չեն կարգավորվում: Ռիսկերի ճշգրիտ գնահատում և կառավարում չի իրականացվել, եթե իրականացվեր, մեր մարտահրավերները ոչ միայն կշատանային, այլեւ միգուցե կպակասեին»:
Ստեփան Սաֆարյանը եզրափակելով՝ նշեց. այստեղ խնդիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնել-չկորցնելը չէ, մեկ է՝ ինքը չի որոշում այդ կառույցի անելիքներն ու գործողությունները. «Այստեղ ավելի շատ կարևոր են հետևանքները, որոնք պրոյեկտվում են հարաբերությունների վրա, քանի որ ՌԴ-ն այժմ կարող է թևերը ծալել ու ասել՝ գնացեք ձեր խնդիրներն ինքնուրույն լուծեք: Եթե դուք հարկ չեք համարել ինձ հետ խորհրդակցելու, ես նախորդ անգամ ինձնից կախված ու չկախված ամեն ինչ արել եմ, որ համոզեմ: Բելառուսն էլ իր շահերն առաջ մղելու համար իր ներկայացուցչին կպնդի: Սա լուրջ նստվածք է թողնելու մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք տեղից այդքան բարվոք չէին: Ադրբեջանի հաղթանակը հիմք է ծառայելու նրա կողմից սխալ հաշվարկներ անելու մեջ: Իբր որ ինքը սա կարողացավ անել, որ ՀՀ-ն թույլ է, դաշնակիցներ չունի, դաշնակիցները նրա շահերը չեն հարգում ու հետևաբար նրան չեն պահի: Այս երկու դաշտում են վտանգները. թե չէ Խաչատուրովը կլինի, թե Խաչատուրօղլի կլինի՝ տարբերություն չկա»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
17.11.2018