Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ՀՀԿ-ն ասում է, որ մենք ենք իրական ընդդիմություն, որովհետեւ վերջին 6 ամսում որեւէ ուժ չի քննադատել Փաշինյանին ու մի ծպուտ չի հանել նրա դեմ, համաձա՞յն եք դրա հետ՝ պատասխանել էր. «Կրկնվում է նույն սխալը, ինչ եղել է, էլի նորից՝ ով է իրական ընդդիմություն, ով է կեղծ: Չեն հոգնել մարդիկ: Այսինքն, ով որ հայհոյում է, ով ամենակծու բաներն է ասում, նա՞ է դառնում ընդդիմություն»:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը, փոխանցելով Ռուստամյանի տեսակետը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վաhրամ Բաղդասարյանին, հարցրեց՝ համաձա՞յն եք, որ դուք նախկին ընդդիմադիրների սխալներն եք կրկնում, էլի կռիվ եք տալիս, թե ով է իրական ընդդիմությունը: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց կոշտ:
Նա նախ ասաց. «Մենք որեւէ հայհոյանքի տոն, նման հռետորաբանություն չունենք: Մենք փաստն ենք վավերացնում: Մեծ հարգանք ունենալով ՀՅԴ-ի նկատմամբ՝ եթե հիշում եք, կոալիցիոն մեր գործընկերներն առաջին օրը արդեն իսկ իշխանափոխության ժամանակ, առանց լուրջ հետեւություններ անելու, ջատագովներն էին իշխանափոխության, մաս կազմեցին կառավարությանը եւ չգիտես ինչ-ինչ պատճառներով հետո ճանապարհի կեսից որոշեցին, որ պետք է ընդդիմություն դառնան: Հետո չգիտենք ճանապարհի մյուս կեսին ինչ կորոշեն իրենք: Համենայնդեպս, նման ձեւով ընդդիմություն չեն ձեւավորվում: 6 ամսվա ընթացքում 2-3 անգամ մտափոխվել, որ իշխանության հետ են, հետո փոխել, որ պետք է մնան ընդդիմություն…հետո, եթե ուշադրություն դարձնեք, դա միայն ՀՅԴ-ին չի վերաբերում, լրագրողներդ հետևում էիք, 3 փողոցները՝ Նալբանդյան, Ամիրյան, Աբովյան, այդ փողոցներով խնդրում եմ հետեւեք, թե մտքափոխ ո՞նց էին կանգնած փողոցների ծայրերում, ասում էին՝ իջնե՞լն է ճիշտ, թե՞ բարձրանալը, միանա՞նք, թե՞ չմիանանք: Հենց որ ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց իջնում էին: Հենց որ տեսնում էին, որ նախորդ իշխանության կողմից լինում էր կոշտ հայտարարություն, հետ էին գնում: Իսկ ամսի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքը լինի: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին՝ դու մեզ պետք չես, էն մեկի վզից քաշում էին՝ արի, դու կարողանում ես պետք լինես: Այդպե՞ս են իշխանություն եւ ընդդիմություն ձեւավորում, ես չեմ հասկանում: Նման վարվելակերպ մենք չենք ունեցել: Մենք ընդունում ենք, եթե չլինեին սխալներ ու բացթողումներ, բնականաբար, այդ ամեն ինչը տեղի չէր ունենա, բայց դա չի նշանակում, որ մի գիշերվա մեջ մենք էլ պետք է գնայինք, կանգնեինք բեմի վրա ու ասեինք՝ այո՛, մենք առայժմ ձեզ հետ ենք, հետո էլ տեսնեինք, որ տեղ չունեինք այնտեղ, ասեինք՝ չէ, ձեզ հետ չենք: Չեմ կարծում, որ այդպիսի քաղաքական դաշտ պետք է ձեւավորել, դա շատ վտանգավոր է: Առայժմ դրան է տանում ամեն ինչ»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, դրա համար պետք է այսպես հրատապ, այս էյֆորիայի շրջանում ընտրություններ չլիներ, պետք է ժամանակ տային կառավարությանը աշխատեր, հանրությունը գնահատական կարողանար տալ. «Հիմա ի՞նչ գնահատական պետք է տան: Հիմա էլ ասում են՝ պառլամենտը մերը չէր, դրա համար մենք մեր խոստումները չենք կատարում: Հեսա պառլամենտն էլ իրենցը կդառնա, համբերե՛ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ