Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսկ մեր սերուցքը ոչ միայն իրական սերուցք չէ, այլև մերն էլ չէ». Միքայել Հայրապետյան

Նոյեմբեր 19,2018 16:30

Ինչպես արդեն հայտնել էինք, Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը նոյեմբերի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Պահպանողական կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներկա քաղաքական խճանկարի առնչությամբ: Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չնայած բազմաբնույթ բանակցություններին և դրանց փորձերին՝ Պահպանողական կուսակցությանը և նրա դաշնակիցներին չհաջողվեց ստեղծել նախընտրական «Արևմտյան ճակատ», որը թույլ կտար Ազգային ժողովում վերջապես ունենալ իրապես արևմտյան քաղաքակրթական արժեքներ և ուղղվածություն հետապնդող մի խմբակցություն, որը մոտեցող աշխարհաքաղաքական վայրիվերումների ընթացքում կդառնար պետականության և քաղաքացիների հուսալի անվտանգության խարիսխ: Այժմ ամբողջ պատասխանատվությունը կրելու են բացառապես ռուսական իմպերիական ծիրում գործող և արևմտյանի հերթական իմիտացիան իրականացնելու կոչված քաղաքական խմբերը: Սրանով հանդերձ, Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ լիահույս է ընտրական բոլոր փուլերի քաղաքակիրթ անցկացման՝ կառավարության ղեկավարի վճռականությանը, թեև, ցավոք, նոր ԱԺ-ն չի ներկայացնելու մեր պետականության հեռահար շահերից բխող համարժեքություններն ու ներդաշնակությունը: Պահպանողական կուսակցությունը հաջողություն և սթափություն է մաղթում ընտրական պայքարի մեջ մտած բոլոր ուժերին»:

Վերոնշյալ հայտարարության մեջ տեղ գտած որոշ գնահատականների, ինչպես նաեւ ներկայիս ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի հետ կապված՝ «Առավոտը» զրուցեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

– Պարոն Հայրապետյան, հայտարարության մեջ ասվում է մոտեցող աշխահաքաղաքական վայրիվերումների մասին։ Ինչպիսի՞ զարգացումների մասին է խոսքը, եւ ինչպե՞ս են դրանք առնչվելու Հայաստանի եւ Արցախի հետ։

– Նպարավաճառի մեր կրպակի նեղ պատուհանից շրջակա աշխարհին չնայելու պարագայում կտեսնենք, որ խորքային փոփոխություններ են տեղի ունենում ողջ աշխարհում, իսկ մենք ու մեր երկիրը գլոբուսից դուրս չենք: Երրորդ համաշխարհայինում՝ Սառը պատերազմում պարտված ԽՍՀՄ-ը հանձնեց Արևելյան Եվրոպան, Բալկաններն ու Մերձբալթիկան, հետո հերթը հասավ Վրաստանին և Ուկրաինային: Միակ գերտերությունը՝ ԱՄՆ-ը, հետպատերազմյան նոր աշխարհակարգի ճարտարապետման օրակարգ է բերում, ինչին համառում են միայն պարտված կայսրության իրավաժառանգորդ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեայի պես մեկուսացված բեկորներն ու միջազգային ահաբեկչությունը, որոնք պատերազմը տանուլ տալուց հետո պարտիզանական կռիվներ են մղում՝ փոխանակ իրենց տեղը ճշգրտելու նոր աշխարհակարգում:

Պարզ, շատ պարզ երևում է Ռուսաստանին վերապահված բավականին պատվաբեր պատմական առաքելությունն այդ նոր աշխարհակարգում. այն է՝ դառնալ առաջավոր մարդկության հուսալի պատվարը Հեռավոր Արևելքում, մինչդեռ նա իր վերջին կենսահյութերն է մսխում Եվրոպայում և Կովկասում ճակատներ բացելով: Իր մայրամուտին այդպես վարվեց նաև Օսմանյան կայսրությունը, որն իր տեղը գտնելու փոխարեն կառչեց Եվրոպական Բալկաններից: Հետևանքը կայսրության փլուզումն էր, որի փլատակների տակ բազում ազգերից մնացինք բացառապես մենք՝ ցեղասպանվելով: Նույնը կրկնվում է այսօր: Մեր քաղաքական աշխարհզգացողությունը 100 տարի առաջ մեզ համակործանման տարավ: Այսօր ևս զլանում ենք տեսնել այն, ինչ հստակ տեսնում և ըստ այդմ իրենց ուղենիշներն են ընտրում մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Նոր աշխարհակարգի նորովի գծվող սահմանների համար մղվող կռիվները մոտենում են մեր երկրին. մենք կողմնորոշվելու հրամայականի առջև ենք: Իհարկե, աններելի սխալ կլինի, եթե մենք տոտալ պատերազմ հայտարարենք փլուզման հերթական փուլին մոտեցող և վիրավոր Ռուսաստանին, սակայն առավել աղետալի է լինելու մեր տեղն աշխարհում ճշգրտելուց հրաժարվելը:

Եթե հանկարծ Ռուսաստանին հաջողվի ռուսական կառույցներ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն, ներքաշել Ադրբեջանին, ապա դրա գինը, վստահաբար, լինելու է Արցախը, առնվազն՝ մի կործանարար ու լայնամասշտաբ պատերազմ, ինչպես ժամանակին եղան Կարսի մարզը, Սուրմալուն, Նախիջևանը: Իսկ մենք ցայժմ միակողմանիորեն հանձնված ենք ռուսական ողորմածությանը, մինչդեռ անվտանգության գոնե դիվերսիֆիկացիա պետք է փորձենք անել: Այդ դիվերսիֆիկացիան ծավալվում է կրթականից մինչև ռազմական, քաղաքականից մինչև մշակութային տարածքներ: Ահա թե առաջին հերթին ինչո՛ւ էր պետք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցեր արևմտյան ուղղության ոչ իմիտացիոն զորեղ մի դաշինք՝ իր բուն անվամբ՝ «Արևմտյան ճակատ»:

– Ձեր կուսակցության Կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ չհաջողվեց ստեղծել նախընտրական «Արևմտյան ճակատ», եւ ըստ այդմ, թատերաբեմում գործող, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերը գնահատվում են որպես «ռուսական իմպերիական ծիրում գործող և արևմտյանի հերթական իմիտացիան իրականացնելու կոչված քաղաքական խմբեր», որոնք էլ կրելու են ողջ պատասխանատվությունը։ Պարզաբանեք, խնդրեմ, թե ինչի՞ վրա է հիմնված նման գնահատականը։

– Դա գնահատական չէ, այլ ընդամենը արձանագրում: Օրինակ՝ զավեշտալի էր խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ հանրապետականների ձեռամբ սանձազերծված ЕГЭ-ն (միասնական պետական քննություն), որ միջնադարյան հավատաքննությունն էր հիշեցնում. միայն աուտոդաֆեն էր պակաս: Զավեշտալի էր նաև Լուկաշենկոյի բարեկամ բարգավաճականների պահվածքը: Հնարավոր է տարի առ տարի բացել հայաստանյան մամուլը, տեսնել, թե արևմտյանի անվան տակ հանդես եկող ուժերն ու գործիչներն ինչ վարք էին ցույց տալիս, ինչպես էին լյուստրացիայի ենթարկվելուց հետո հանգրվանում ռուսական կառույցներում, իսկ դեռևս չենթարկվածները՝ արևմտյանի անվան տակ ներդրվում պետության ներքին և արտաքին կառույցներում (անուններ հրապարակելը մամուլի պարտքն է): Այդ թատրոնը հնարավոր է խաղալ միայն պետականությունից հետ վարժված մեր չարքաշ ու հավատավոր ժողովրդի առջև, բայց մի՞թե այնքան միամիտ ենք, որ կարծում ենք, թե կայսերական շահերի պատրաստակամ և ստոր սպասարկումը կարող է խաբս գցել նաև քաղաքակիրթ աշխարհին՝ Արևմուտքին: Արևմուտքը կարող է ընդամենն ըմբռնմամբ մոտենալ, հանդուրժել որոշ ժամանակ, բայց մինչև որոշակի սահմանագիծ, որի հատելուն ընդհուպ մոտեցել ենք: Այդ սահմանը մեզ է մոտենում, մենք՝ սահմանին: Ոչ միայն մեկ զինվոր, այլև մեր զինվորական դրոշն իսկ ոչ մի դեպքում Սիրիա ուղարկել չէր կարելի:

Այս և նմանատիպ սահմանային վիճակներն այսօր չէ, որ ստեղծվել են, այլ ժառանգվել են նախկինից: Ու հիմա կուտակումները ջարդվելու են «ամուր մանդատ» ունեցող ձևավորվելիք խորհրդարանի ու նրա կառավարության վրա, և չի լինելու մի խումբ, որ կարողանա պատասխանատու պահին համակշռել մեր քաղաքականությունը համատարած ռուսական մեր խորհրդարանում, կանխել «քաղցած ոհմակներին կեր» քավության նոխազ մատուցելը: Ժողովուրդները պատասխանատու չեն իրենց հետ պատահած աղետների համար, պատասխանատուն նրա էլիտաներն են՝ սերուցքը, իսկ մեր սերուցքը ոչ միայն իրական սերուցք չէ, այլև մերն էլ չէ:

«Առավոտ»

17.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930