Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքի մասին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան:
Aravot.am-ը հարցրեց՝ կա տեսակետ, որ հին դիկտատորները չեն հանդուրժում իրենց փակ ակումբ նոր մարդու՝ տվյալ դեպքում Փաշինյանի ներկայությունը, կարո՞ղ է այնպիսի սցենար զարգանալ, որ մեզ դուրս թողնեն ՀԱՊԿ-ից եւ ՀՀ-ի փոխարեն Ադրբեջանը մտնի ՀԱՊԿ կազմ՝ Ռուստամյանը պատասխանեց, որ նման գնահատականներով վիրավորում են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, «մարդիկ կասեն՝ մեր անունով երդվում են, ինչի՞ եք մեզ վիրավորում»:
Ըստ նրա, չպետք է ջուր լցնել հակառակորդ երկրի ջրաղացին ու դրանով մեր դիրքերը թուլացնել. «Եթե այդ սցենարով լինի ու ՀՀ-ն փոխարինվի Ադրբեջանով, դրանից մենք շահելո՞ւ ենք, ինչ է թե սրտահովանք մի հատ խոսք ասեցինք ու դրանից ոգեւորվեցինք: Իմաստը ո՞րն է, արտաքին քաղաքականությունը նուրբ արվեստ է, ամեն մի խոսք պետք է ձեւել ու չափել»:
Հարցին՝ Պուտինը լռում է, ի՞նչ դիրքորոշում կարտահայտի նա ձեր կարծիքով եւ ասում են, որ կանոնադրությունը կարող են փոխել ու այդ հարցը լուծել՝ Ռուստամյանը պատասխանեց, որ կանոնադրությունը ՀԱՊԿ-ում չի կարող փոխվել, կոնսենսուսով են որոշումներն ընդունվում. «Մենք պետք է բոլորին մղենք, որպեսզի համախոհության հասնելու ոգին չտուժի, համախոհության հասնելու հնարավորություններ լինեն: ՀՀ-ին չեն կարող շրջանցել, ՀՀ-ն իր դերն ունի եւ ձայնի իրավունքն ունի: Ինչ վերաբերում է Պուտինին, ինքը շատ ճիշտ է վարվում եւ այս վեճի մեջ չի փորձում դառնալ կողմ: Պետք է մի արբիտր լինի: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը որպես շարժիչ ուժ, ունի ՌԴ-ն ու բոլոր այն դեպքերում, երբ տարաձայնություն է առաջանում, ի վերջո մեկը պետք է լինի, որ բոլորի հետ բարեկամական հարաբերություններ ունենալով՝ վճռական խոսք ասելու իրավունք ունենա: Պուտինը չի մտնում այդ բանավեճի մեջ՝ մտածելով, որ դրա տեղը կա, առիթը կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ