Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիննախն առաջարկում է 2019-ից բարձրացնել ակցիզային հարկի շեմը

Նոյեմբեր 19,2018 16:00

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այս նախագծով առաջարկվում է՝ «Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «իսկ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով՝ արտոնագրային հարկով» բառերը. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի 2-րդ կետը. 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով եւ (կամ) շահութահարկով, ինչպես նաեւ շրջանառության հարկով հարկումից: 4-րդ մասում «(որոնց շրջանառության հարկը կամ արտոնագրային հարկը չեն փոխարինում, կամ որոնցից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում)» բառերը փոխարինել «(որոնց շրջանառության հարկը չի փոխարինում, կամ որոնցից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում)» բառերով»:

Այս նախագծով նաեւ առաջարկվում է՝ «Հոդված 6. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել. 9-րդ մասի 4-րդ կետում «ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության եւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ներկայացումը» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացումը» բառերով:

Այս եւ այլ փոփոխությունների վերաբերյալ նախարարությունը վստահեցնում է՝ «Նախագծերի նպատակը ազգային տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումն է, ինչպես նաեւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ավելի պարզեցումը»:

Նախագծի հիմնավորման մեջ որպես խնդրի լուծում նշված է. «2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի եւ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը»:

Նաեւ առաջարկվում է սահմանել՝ «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել՝

ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երեւան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում առեւտրական (առքուվաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,

բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով»:

2020 թվականի հունվարի 1-ից վերացվելու է արտոնագրային հարկի համակարգը՝ գրված է նախագծում: Առաջարկվում է՝ «Այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով՝ անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: 2020 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ սահմանել 18 տոկոս: Նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս»:

Բացի այս, նախարարությունը նախատեսել է շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ 2019-ի հուլիսի 1-ից: Այս ամենից «անմասն» չի մնա օղին: Նախագծով առաջարկվում է՝ «Բարձրացնել նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ: 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»:

Նախարարությունը անդրադարձել է նաեւ բնապահպանական հարկերի շեմին: Առաջարկվում է՝ «2020-ի հունվարի 1-ից վերանայել 301 եւ ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ»:

Շրջանառության հարկի շեմը նախարարությունը որոշել է թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ:

Իսկ ահա շահումով խաղերի հարկման մոտեցումները նախարարությունն առաջարկում է վերանայել:

«2020-ի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաեւ վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու եւ պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ»,- գրված է նախագծում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

17.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930