Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշիի բանտում

Նոյեմբեր 19,2018 15:30

Պատերին՝ գորբաչովներ, վեզիրովներ, լենիններ, դռանը՝ երկու ռուս ավտոմատավոր

սկիզբը` նոյեմբերի 8-ի «Առավոտում»

1989-ին «Հայդատ» կազմակերպությունն իր ռազմականացված ջոկատներով նախաձեռնեց թուրք-ազերիներով շրջապատված Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: 1989թ. հունիսին «Հայդատի» կամավորական առաջին ջոկատը ոտքով հասավ Բերդաձոր, այնուհետև սկսվեցին նոր համալրումներ: Մի քանի ամիս անց արդեն հնարավոր եղավ այդ կղզիացված վայր զինված ջոկատներ ուղարկել ուղղաթիռների միջոցով: Նոյեմբերի սկզբներին ուղղաթիռներից մեկն իր անձնակազմով և «կասկածելի» ուղևորներով ձերբակալվեց Բերդաձորում` հենց վայրէջքի պահին:

…Բոլորիս տեղավորեցին դպրոցական սեղաններով կահավորված «լենինյան» կոչվող սենյակում, պատերին՝ գորբաչովներ, վեզիրովներ, լենիններ, դռանը՝ երկու ռուս ավտոմատավոր, դիմացներս՝ թավ բեղերով ինքնագոհ մի թուրք ոստիկան, որ հաճույքով տմբտմբացնում էր սեղանին՝ քթի տակ թուրքական ինչ-որ մուղամի ուրախ ռիթմ դնդնացնելով։

Սկսվեց մեզանից բանտարկյալներ պատրաստելու պաշտոնական մասը, նախ մեզ լուսանկարեցին դիմացից և կողքից, մատնահետքերի և ափահետքերի նմուշներ, ինքնակենսագրականներ և բացատրություններ վերցրին։ Ապա սկսվեցին հարցաքննությունները: Նրանց ավելի շատ հետաքրքրում էր մեր՝ Բերդաձոր գալու պատճառներն ու, հատկապես, զենքերի մասին տեղեկությունները։ Այդ հարցում մեր դիրքորոշումը կոշտ էր՝ տեղյակ չենք, և վերջ, քանի որ եկել ենք գյուղերում գազ անցկացնելու։Հայտնաբերված զենքը «պրովոկացիա» է։

արցաքննողները ԽՍՀՄ դատախազության և ՊԱԿ-ի աշխատակիցներ էին։ Նրանք զարմանում էին, որ մենք քրեական անցյալ չունենք և նույնիսկ երբեմն լուրջ հարցուպատասխան էր ստացվում։ Օրինակ՝ ինձ հարցրին. «Եթե դու ինժեներ ես, ինչո՞ւ չես գնացել «աղետի գոտի»՝ Լենինական։ Իմ պատասխանն էր. «Այստեղ նույնպես «աղետի գոտի է»,–սկսեցի պատմել Ղարաբաղի հիմնախնդիրների մասին։ Թուրք քննիչը փորձեց շտկումներ մտցնել իմ պատմած տարբերակի մեջ, սակայն Մոսկվայի ներկայացուցիչը սաստեց նրան, ասելով, որ հարցաքննվողը ինքը չէ։ Հիշում էի ղափանցի լեգենդար Համլետ Քոչարյանի (ցավոք, արդեն վաղամեռիկ) խորհուրդները, որոնք ձեռք էր բերել իր «բանտային դպրոցում». կամ պետք է ոչինչ չխոսել, կամ, եթե դա հնարավոր չէ, պետք է այնքան շատ խոսել, որ հարցաքննողը «բժժի»։ Մերը` չխոսելու դեպքը չէր…

Հարցաքննությունների մեզ տանում-բերում էին միջանցքով, որտեղից դեռ լսվում էր ամբոխի վանկարկումները, չնայած ժամը 24:00-ից պետք է գործեր պարետային ժամը։ Թուրք ոստիկանները ռուս զինվորներին շշուկով հասկացնում էին, բայց այնպես, որ նաև մենք լսենք, թե հնարավոր է, որ կատաղած ժողովուրդը տապալի բանտի դարպասները և ներս խուժի, իսկ իրենք հո ժողովրդի վրա չե՞ն կրակելու։ Հասկանալի է, հոգեբանական ճնշում էր, որի հետևանքով բանտի ղեկավարությունը, իբր ստիպված, ներս հրավիրեց ժողովրդի պատվիրակներին՝ «Ադրբեջանի ժողճակատի» ներկայացուցիչներին։ Դա մեր ՀՀՇ-ի պես կառույց էր, նույնպես ազգային անվամբ, բայց «կենտրոնի» կողմից ստեղծված, հենց ազգայինին հակադրելու նպատակով։

Մեզ այցելեց Շուշիի լրագրողների ընտրանին՝ տեսախցիկներով, ձայնագրիչներով, ծոցատետրերով։ Նրանցից մեկը՝ փողկապավոր, նույնիսկ գեղեցկադեմ և բարձրահասակ մի թուրք, իր տեսախցիկով նկարահանում էր։ Մեր տղաներից մի քանիսը գլուխները դրեցին սեղանին՝ դեմքերը թևքերով ծածկելով («02» դիտելիս այդպիսի դրվագներ լինում են)։ Երբ տեսախցիկը մոտեցրին ինձ, ես, իբր և արհամարհանքի նշան, գլուխս թեքեցի։ Նրանք արագ անցան և կանգ առան ձախից մեկ շարք առաջ նստած Նոր Հաճընի ջոկատի հրամանատար Սաշիկ Առաքելյանի («Չայնիկ») մոտ։ Սաշիկը ձեռքերը ծալած, հանգիստ նայում էր ուղիղ տեսախցիկի օբյեկտիվին։ Անսպասելիությունից թուրք օպերատորն անշարժացավ նրա վրա։ Սաշիկը շարունակում էր անթարթ նայել։ Մտքով նրանից պահանջում էի, որ դիրքը չփոխի և հանկարծ գլուխը չխոնարհի։ Իմ մեջ որոշեցի, որ դա փորձություն է, խաղաքարտին հայ ժողովրդի ճակատագիրն է. եթե Սաշիկը հաղթի՝ կհաղթի հայ ժողովուրդը։ Դրան կհամաձայնեի, թեկուզ բոլորս էլ հիմա զոհվեինք։ Շունչս պահած ունկնդրում էի հավիտենականությունից եկած աստեղային ակնթարթներից մեկի շշուկը։

Վերջապես լռությունն ու անշարժությունը խախտեց թուրք լրագրողը և մաքուր հայերենով ասաց. «Ես քեզ խղճում եմ»։ Խոր հոգոց հանեցի։ Թուրքը պարտվեց։ Սաշիկը ոչինչ չպատասխանեց՝ թույլ հեգնանք նկատեցնելով դեմքին, շարունակեց նայել անմահության այն կետին, որը գենետիկորեն միշտ անհասանելի է բոլոր տեսակի թուրքերին, անգամ՝ մտավորական։

Աննկարագրելի էր ներքին հրճվանքս, թվում էր՝ հաղորդակից եմ եղել ապագային, տեսել՝ Շուշիի ազատագրումը և ինչպես է կերտվում հաղթանակը։

…Հետագա դեպքերն անցան նոր սցենարով. Շուշիի բերդից ռուսները մեզ ուղղակի «գողացան» փակ, զրահապատ ռազմական մեքենաներով և տեղափոխեցին Ստեփանակերտի բանտ։ Այստեղ էլ հայ բնակչությունն էր ոտքի վրա և պահանջում էր մեր ազատությունը։ Բանտախցում մեզ հսկող ռուս զինվորները, որոնց հյուրասիրում էինք մեզ ուղարկված սննդամթերքից, խմիչքից, ծխախոտից, բողոքում էին, որ ստեփանակերտցիներն անհանդուրժողական են իրենց հանդեպ։ Այլևս կարևոր միջադեպեր չեղան, մեկօրյա ձևական հարցաքննություններից հետո մեզ ազատեցին, ինչում անուրանալի մեծ էին դերասանուհի ժաննա Գալստյանի ջանքերը։ Նպաստել էին նաև Երևանից՝ «Հայդատ»-Իգոր Մուրադյան–Մոսկվա-Վոլսկի կապերը։ Բանտի դռներից ժողովուրդը մեզ ձեռքերի վրա տարավ, մի մասին՝ իրենց տները, մնացածներիս՝ գիշերելու համար հատկացված ինչ-որ «պանսիոնատ»:

Ստացած տպավորությունները մեծ էին, ցանկանում էի վերլուծել, կիսվել։ Մոտեցա ինձ պես արթուն մնացած Սաշիկին։ Նախ շնորհակալություն հայտնեցի Շուշիում «ժողճակատի» լրագրողների «ասուլիսում» թուրքերի նկատմամբ իր տարած հաղթանակի համար։ Նա զարմացավ, որ այդ «մենամարտը» նկատել եմ, և մեր խոսակցությունն անմիջապես խորացավ։
Լուսաբացին խոսակցությանն աստիճանաբար խառնվեցին նաև նոր արթնացող մեր ընկերներն ու օդաչուները։

Մեր պատվին առավոտյան Ստեփանակերտում ճաշկերույթ կազմակերպվեց, ապա մեկ այլ ուղղաթիռով մեզ ճանապարհեցին Երևան։ Եղեգնաձորի տղաներից ինձ հետ վերադարձան Գագիկ Խաչատրյանն ու Զավեն Ավետիսյանը, «Աֆղանստանցի» Սեյրան Ղևոնդյանը ևս մեկ ամիս անցկացրեց բանտում՝ անձնագիր չունենալու մեղադրանքով, իսկ «Ագարակագորցի» Խաչիկ Կարապետյանը, որ մեզանից մեկ օր շուտ էր մեկնել Բերդաձոր, «ինտեգրվելով» գյուղացիների հետ` չէր հայտնաբերվել և շարունակեց իր «ծառայությունը»։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մեզ դիմավորեց «Հայդատի» նախագահության անդամ, մեր բոլորի համար «Հոպար» դարձած Շիրակ Գյունաշյանը, որի մեծ ժպիտն ու նրա վարորդ Նորիկ Ներսիսյանի ձեռքի թափահարումն էին եղել մեր հրաժեշտի նշանները։ Երեք օրվա մեջ, որ տարիներ էին թվացել, Շիրակը կարծես ծերացել էր։ Ողջագուրվեցինք, շատ ջերմություն և կարոտ կար նրա աչքերում։ Օդանավակայանում տիրող վիճակը նույնն էր. տարբեր շրջաններից եկած խմբերն սպասում էին իրենց հերթին։ Կազմուպատրաստ, մահն ափի մեջ՝ նոր կամավորներ էին մեկնում Արցախը փրկելու։

Հիշեցի Նժդեհի՝ երդումի արժեք ունեցող խոսքը. «Իմ զավակը չէ նա, ով ինձանից ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում,-անխոս ասում է հրաբխի պես արթնացած ժողովուրդը»։

Եվ ես վերջնականապես համոզվեցի, որ հաղթելու ենք: Մի քանի օր շունչ առնելուց հետո նորից Բերդաձոր գնալու անհաղթահարելի պահանջ զգացինք…

ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ
նկարում՝ Շիրակ Գյունաշյանը

«Առավոտ»

17.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930