Վարդուհի Մակարյանը դիմել էր դատարան, պահանջել, որպեսզի պատասխանող «Գեղեցիկ Քնար» արտադրական կոոպերատիվից հօգուտ իրեն բռնագանձվի 249 566 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ և վերջնահաշվարկի գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 2016թ. դեկտեմբերի 4-ից մինչև գումարն ամբողջությամբ վճարելու օրը:
Սյունիքցին 2014թ. մայիսից ընդունվել էր աշխատանքի «Գեղեցիկ-Քնարում», որպես հացթուխ: Ապա երկու տարի հետո իր նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից:
«Գեղեցիկը» ոչ միայն չի տրամադրում հայցվորին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը, այլեւ աշխատանքային գրքույկը, չի վճարվում նաեւ հացթուխի 2016թ. հոկտեմբերի համար հաշվարկված 73 640 ՀՀ դրամը, այդ թվում՝ 17 968 դրամ եկամտային հարկը, նոյեմբեր ամսվա համար՝ 73 200 ՀՀ դրամ, այդ թվում 17 860 դրամ եկամտային հարկը, աշխատավարձը, ինչպես նաև՝ 184 640 ՀՀ դրամ, այդ թվում 46 086 դրամ եկամտային հարկը, վերջնահաշվարկի գումարը:
Պատասխանողն, ըստ էության, ապօրինի է պահում հայցվորին պատկանող դրամական միջոցները:
Հակընդդեմ հայց ներկայացնելով դատարան՝ գործատուն առարկել է, պահանջել է, որպեսզի Վ. Մակարյանից հօգուտ կոոպերատիվի բռնագանձվի 326 085 ՀՀ դրամ պարտքի գումարը: Պատասխանող, հակընդդեմ հայցվորը հայտնել էր, թե Վ. Մակարյանը աշխատելով կոոպերատիվում, պարտք էր մնացել 326 085 դրամ և այդ մասին գրել էր պարտավորագիր: Եվ երբ գրավոր նրան նրկայացրել է պահանջ պարտքը մարելու մասին, հացթուխը պարտքը մինչև օրս չի մարել:
«Գեղեցիկը» հայտնել էր նաեւ, որ բացի հացթուխ լինելուց, Վարդուհու վրա դրվել է նյութական արժեքների պատասխանատվությունը, ապա՝ գանձապահի պարտականությունները և նա վճարում էր կոոպերատիվի բոլոր աշխատողների աշխատավարձերը, այդ թվում նաև՝ իր աշխատավարձը: Սակայն լրացուցիչ աշխատանք կատարելը որեւէ իրավական փաստաթղթով առկա չէր: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների աշխատավարձերը ստանալու համար ապացույց է հանդիսանում Վարդուհու կողմից 2016թ. դեկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու մասին դիմումի հետ իրեն 500 240 դրամ գումար հանձնելու հանգամանքը:
«Կոոպերատիվի բոլոր աշխատողները, այդ թվում և նա, աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով, աշխատավարձի մի մասը ստացել են բնամթերային եղանակով, օրական 2 հաց, որը նոյեմբերի համար կազմում է 13 200 դրամ =30 օր x2 հաց x220 դրամ, իսկ հոկտեմբերի համար 13 640 դրամ =31 օր x2 հաց x220 դրամ: Իսկ քանի որ նա վերոնշյալ գումարը և դիմումը հանձնելուց հետո չի ներկայացել ձեռնարկություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի գումարը ստանալու, նրա վերջնահաշվարկի գումարը իրեն վճարել է իր 2011թ. 2 190 000 դրամ պարտքից: Այսինքն՝ հակընդդեմ հայցով պատասխանող Վ. Մակարյանից ենթակա է բռնագանձման պարտավորագրի 326 085 դրամ գումարը»,-առարկել էր հակընդդեմ հայցվոր, տնօրեն Հակոբ Գյոզալյանը:
Դատարանի գնահատմամբ. «Փաստորեն, ընդունելով հայցվորին վճարման ենթակա 2016թ. հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին հաշվարկված աշխատավարձերի չափերը, և վերջնահաշվարկի չափը, գործատուն չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ դրանք որևէ եղանակով վճարել է աշխատողին, որպիսի ապացուցման բեռը կրել է նա, հետևաբար դատարանը հիմնավոր է համարում հայցվորի 249 566 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը: Անդրադառնալով 249 566 ՀՀ դրամ որպես չվճարված աշխատավարձ և վերջնահաշվարկի գումարին՝ 04.12.2016թ.-ից մինչև գումարը ամբողջությամբ վճարելու օրը տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջին, դատարանը գտնում է, որ այն ևս ենթակա է բավարարման»: Դատարանը մերժել է «Գեղեցիկ Քնար» ԱԿ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Վարդուհի Մակարյանի՝ 326,085 ՀՀ դրամ գումարի և տոկոսների բռնագանձման պահանջի մասին, ինչի դեմ բողոք է բերել գործատուն:
Ռ. Մ.
«Առավոտ»
17.11.2018